Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը հունվարի 26-ին ընդունել է «Առաջընթացը Վեհաժողովի մշտադիտարկման գործընթացներում» (հունվար-դեկտեմբեր, 2022) բանաձեւը: Քվեարկությամբ ընդունվել են բանաձեւում հայկական պատվիրակության առաջարկած փոփոխությունները հայ ռազմագերիներին անհապաղ ազատ արձակելու եւ Լաչինի միջանցքի առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցները կատարելու վերաբերյալ:
Վեհաժողովն արձանագրում է մշտադիտարկման հանձնաժողովի շարունակական ուշադրությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների զարգացումներին։ Վեհաժողովն ի գիտություն է ընդունում Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին ուղարկված Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերջին հրատապ ծանուցումը, որով կոչ է արվում հետեւելու Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի վերաբերյալ 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշման կատարմանը։ Վեհաժողովը կոչ է անում անհապաղ եւ լիարժեք կերպով իրականացնելու դատարանի որոշած միջանկյալ միջոցների կատարումը։ Վեհաժողովը նաեւ հետեւում է Բաքվում դեռեւս պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց շուրջը ստեղծված իրավիճակին եւ Ադրբեջանին կոչ անում անհապաղ ազատ արձակելու բոլոր պահվող անձանց։