Բելգիան 92 միլիոն եվրոյի ռազմական օգնություն է հատկացրել Ուկրաինային։ Բելգիայի պաշտպանության նախարար Լյուդիվին Դեդոնդերը մանրամասնել է, որ հատկացված նոր օգնությունը կներառի նաեւ հրթիռներ եւ նռնականետեր։
Ավելի վաղ RTL-ը գրել էր, որ Լյուդիվին Դեդոնդերը հունվարի 27-ին առաջարկելու էր բելգիական կառավարությանը Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ հատկացնել, որում ներառված կլինեն նաեւ հակաօդային պաշտպանության համակարգեր, հակատանկային զինատեսակներ եւ զինամթերք։
Բելգիական պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ իր երկիրը չունի Leopard 2 տանկեր, ուստի չի կարող այդ տեսակի տանկեր տրամադրել Ուկրաինային։ Նա ընդգծել է, որ դեռ 10 տարի առաջ է Բելգիան դրանք վաճառել, քանի որ օգտագործման ժամկետը լրացել է։ Նախարարը նաեւ հայտարարել է, որ այդ տեսակի տանկեր, իհարկե, կարելի է ձեռք բերել ու փոխանցել Ուկրաինային, սակայն արտադրող ընկերությունը մեկ միավորի դիմաց սահմանել է 500 հազար եվրո, ինչը «հիմնավորված գին չէ»։