Շրջափակման այս օրերին Երեւանից ինձ ընկերներ են զանգում։ Ոչ մեկին չվիրավորելու համար անուններ չասեմ։ Բայց հիշում եմ 93-ի տարեմուտը։ Մայրս երեխաների հետ Չարենցավանում էր։ Նոր տարի էր գալիս։ Ստեփանակերտ-Երեւան երթեւեկությունը փակ էր։ Ի՞նչ Գերագույն խորհուրդ, ի՞նչ պատգամավոր, եթե չկա «կոմենդանտ» Մուրադի թույլտվությունը․․․ Ահա այդ «թույլտվությունն» անցնելով՝ կին-ամուսին իջել ենք Երրորդ մասի հրապարակ եւ պիտի Բաղրամյան փողոց հասնենք։ Ստույգ՝ Ալիխանյան փակուղի՝ քրոջս տուն։
Մեքենա չգտնվեց։ Ճիշտը՝ չէի կարող վճարել ասված գինը։ Մետրոն աշխատում էր, հասանք «Մարշալ Բաղրամյան» կայարան՝ նախագահականի, ԳԽ նստավայրի մոտ, բայց կառավարական շենքերում նույն խավար լռությունն էր։ Մետրոյի «թունելում» հոսանք կար, ՆԳ նախարարության պահակա-պարեկային ծառայություն։ Մոտեցա, բայց օգնել չկարողացան։ Միակ մեքենան նախատեսված էր «արտակարգ դեպքի համար»։ Եվ գյուղական-ղարաբաղյան մեր բեռները քրոջս տուն հասցրինք ուսաբարձ, երբեմն՝ «սղղացնելով» խորհրդային մարշալի անունը կրող պողոտայով, «մինչեւ կբացվեր առավոտը»։
Ծանր, դաժան հիշողություն է, որովհետեւ Բաղրամյան պողոտայի վրա հոսանքազրկված էին նախագահի, ԳԽ նստավայրերը։ Միայն լուսարձակում էր ԱՄՆ դեսպանատունը, որտեղից, երեւի, Վաշինգտոն էր փոխանցվում Հայաստանի «մոտալուտ վախճանի կանխատեսման» դիվանագիտական «դեպեշեն», բայց Ալիխանյան նրբանցքի թիվ 7/ա տան նկուղում քույրս եւ կինս վառարանի վրա «լավաշ»-հաց թխեցին, փեսա Մեժունց Սլավիկի հետ մի երեք-չորս բաժակ տնաքաշ օղի խմեցինք, երեխաներին հավատացրինք, որ «ամեն ինչ ժամանակավոր է, կգան պայծառ օրեր», եւ բակի եղրեւանու տակ նստարանին դարձյալ կերգենք «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ»․․․
ԳԽ-ից եռամսյա աշխատավարձը ներշնչող գումար էր, եւ մենք ամուսիններով մեզ թույլ տվեցինք մտնել ձմեռային «Փակ շուկա»։ Հետո՝ Չարենցավան, որտեղ տնական խոզի միս գտնվեց։ Մնացածը քույրս էր հոգացել։ Դեկտեմբերի 29-ն էր։ Մենք չկարողացանք Ամանորը մեր երեխաների հետ նշել։ Ամոթ էր։ Հաջորդ լուսաբացին Երեւանի ավտոկայանում ծանոթ-ղարաբաղցի մեկը մոտեցավ եւ շշուկով հայտնեց, որ «թուրքերը գրավել են» մեր գյուղը։ Նախօրեին Բաբկեն Արարքցյանը ցույց էր տվել ճակատային գծի քարտեզը։ Գիտեի, որ Չլդրան-Կիչան հատվածը «կարմիր գիծ է»։ Եվ Երեւան-Ստեփանակերտ ավտոբուսի երկու տոմս գնեցի։
Բայց ո՞ւմ է պետք այս «ռետրոն»։ Ավելի շատ կամ ամենից առաջ՝ ինձ։ Եթե շրջափակման այս օրերին փոքր-ինչ անլիցքաթափ եմ եղել կամ անհանդուրժողական, ուրեմն պիտի վերադառնամ անցյալիս։ Ոչ որպես «հերոս» կամ կարեւոր անձ։ Անցյալում ես ինձ հիշում եմ թոնրի համար ցախ բերող, ձմռան պաշար փայտ կտրտող, ցորնալյուր հասցնող, շատ հաճախ՝ անընդհատ փչացող ջրագիծ նորոգող գյուղացի տղա, որ մի քանի ժամ գրականություն էր դասավանդում, իսկ գիշերները՝ ինչ-որ «հիմարություններ» գրում։
Մեր կյանքն այս «անիվների վրա է գլորվել»։ Եվ հիմա, երբ մեկն ինձ հորդորում է «ամուր մնալ, չտրվել թշնամու սադրանքներին», ուզում եմ անչար ժպիտով ասել․ «Մի քիչ հավա՛ք եղեք, տղե՛րք, հա՞։ Էդ եկել ում ի՞նչ եք պատմում»։ Բայց դա վայրկենական բռնկում է, փոքրոգություն։ Իրականության մեջ մետրոյի կայարանում իմ շփոթմունքի պահին Երեւանից մեր գյուղը պաշտպանելու եկած մեկը նավթալամպի լույսի հետքով դուռ է բախել։ Եվ նրան ընդունել են լոբախաշուի տաք բույրով, կանաչ լոլիկի թթվով, դամբուլի տրաքտրաքող արաղի մեկուկեսլիտրանոցով եւ փառավորվել, որ «մեր թիկունքին Հայաստանն է, մեզ մահ չկա»։
Հավա՛ք մնացեք, տղե՛րք։ Սրբությունների վրայից մի՛ անցեք, խնդրում եմ։
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։