Օրեր առաջ Եվրամիության խորհուրդը հաստատել է Հայաստանի տարածքում՝ հայ-ադրբեջանական սահմանին, քաղաքացիական մշտադիտարկման առաքելության ստեղծումը։ Ըստ հաղորդագրության՝ «առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունության հաստատմանը, տեղում աջակցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը»։
Իր հերթին ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարեց, որ «Հայաստանում առաքելության ստեղծումը Հարավային Կովկասում ԵՄ ներգրավման նոր փուլի մեկնարկն է ազդարարում»։ ԵՄ խորհուրդը նաեւ տեղեկացրել է, որ առաքելությանը երկու տարվա մանդատ է տրված, եւ դրա կենտրոնակայանը լինելու է Հայաստանում, իսկ դիտորդների թվաքանակը կլինի մոտ 100։
ԵՄ այսպիսի քայլը առանցքային է ոչ այնքան իր գործիքակազմով, դիտորդների թվաքանակով կամ նրանց մանդատով, որքան սիմվոլիկ նշանակությամբ՝ ցույց տալու Հայաստանի ժողովրդին եւ իշխանություններին, որ ԵՄ-ն եւ Արեւմուտքը՝ ԱՄՆ գլխավորությամբ, կաջակցեն Հայաստանին, եթե Հայաստանն իր հերթին «մուկ ու կատու» չխաղա դրսի գործընկերների հետ։ Սա, իհարկե, աննախադեպ տարածաշրջանային իրադարձություն էր, եւ հենց այդ պատճառով էլ ռուսական արձագանքը երկար սպասել չտվեց։
ՌԴ ԱԳՆ-ն ԵՄ առաքելության հաստատումից մեկ օր անց հանդես եկավ բավականին կոշտ եւ սպառնալից հայտարարությամբ՝ Հայաստանին մեղադրելով ՀԱՊԿ-ը ԵՄ դիտորդներով փոխարինելու եւ տարածաշրջանում անկայունություն հրահրելու համար։ ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Հայաստանի սահմանամերձ շրջաններում ԵՄ ներկայացուցիչների հայտնվելը կարող է միայն աշխարհաքաղաքական դիմակայություն բերել տարածաշրջան։ ՌԴ-ն արձանագրում է, որ Երեւանում, տրամաբանական ավարտին չհասցնելով ՀԱՊԿ առաքելության ուղղությամբ աշխատանքը, նախընտրեցին ընտրություն կատարել հօգուտ ԵՄ-ի»։ ՌԴ ԱԳՆ-ն նաեւ հայտնել է, որ Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը եւ ՀՀ-ում ՌԴ սահմանապահները կարձագանքեն Հայաստանում ԵՄ դիտորդների պահվածքին՝ հաշվի առնելով «տեղում իրավիճակի զարգացումը»։
Սա անթաքույց սպառնալիք եւ յուրատեսակ հաշվեհարդարի բացահայտ կոչ է ՌԴ ԱԳՆ-ի կողմից։ Ստացվում է, որ ՌԴ խաղաղապահները, որոնք չեն կատարում իրենց պարտականությունները Լաչինի միջանցքի աշխատանքների բնականոն ապահովման գործում, որոնք բողոքում են, թե մանդատ չունեն՝ ազդելու միջանցքն արգելափակած ադրբեջանցիների վրա, խոսում են իրենց թվաքանակի եւ ռեսուրսների սղությունից, «կարձագանքեն ԵՄ դիտորդների պահվածքին»։
Ավելին՝ դեռ մի բան էլ շեշտվում է, որ այդ «արձագանքին» (կարող ենք հասկանալ՝ խոչընդոտում, ահաբեկում, թշնամական պահվածք, սադրանքներ, բախումներ) կմիանան նաեւ Հայաստանում տեղակայված ՌԴ սահմանապահ ծառայության զինվորները։
Մյուս կողմից, որքան էլ առաջին հայացքից աբսուրդ թվա, ԵՄ ներկայությունը ՀՀ սահմաններին ձեռնտու է նաեւ Ռուսաստանին, որովհետեւ այդ ներկայությունը զսպելու է ալիեւյան Ադրբեջանին՝ պահպանելու ստատուս քվոն, իսկ դա թանկարժեք ժամանակ է Ռուսաստանի համար՝ կենտրոնանալու ուկրաինական ճակատի վրա եւ հավելյալ ռեսուրսներ, զիջումներ չանելու հարավկովկասյան ուղղությամբ։
Հայաստանն, իհարկե, դիվանագիտական գամբիտ է սկսել Ռուսաստանի դեմ՝ գոնե հայտարարությունների ու կոչերի մակարդակում, իսկ ԵՄ առաքելությունն էլ նպատակ ունի շոշափելու այդ գամբիտի իրական հիմքերը, զսպելու ռուս-ադրբեջանական ախորժակը եւ, օգտվելով ուկրաինական պատերազմից, սահմանափակելու ռուսական ներկայությունը տարածաշրջանում։
Հայաստանը, դե ֆակտո, նոր ուժ է «բերում» ավանդաբար ռուս-թուրք-իրանական շահերի գոտի եւ դրանով իսկ ինչ-որ չափով վաբանկ գնում՝ գազազեցնելով ոխերիմ դաշնակցին եւ թշնամանքի նոր չափաբաժին տալով Ադրբեջանին ու Թուրքիային։ Այս ամենում հետաքրքրական է Իրանի արձագանքի բացակայությունը, բայց դա այլ թեմա է։
Կարճաժամկետ հեռանկարում միգուցե Հայաստանի այսպիսի քայլերը նմանվեն արկածախնդրության կամ Հայաստանը բազմազորք պոլիգոն դարձնելու, եւ այդտեղ կլինեն ճշմարտության հատիկներ, բայց երկարաժամկետ հեռանկարում այս քաղաքականությունը կարող է իր դրական պտուղները տալ։ Կարող է, բայց մինչեւ այդ պտուղների մասին երազելը Հայաստանն ու իր իշխանությունները ՀՀ դիմադրողականությունը նոր մակարդակի պետք է բարձրացնեն, ցույց տան, որ նախեւառաջ իրենք են շահագրգռված իրենց սահմանների պաշտպանությամբ, բանակի ռեֆորմով ու վերազինմամբ, բանակում մահաբեր բարքերի դատապարտմամբ, անկարգապահության վերացմամբ, նոր, հաշվետու եւ ինստիտուցիոնալ-հետեւողական փոփոխություններով․ կարճ ասած՝ ամենօրյա, չարքաշ տնային աշխատանք անեն։
Սակայն դրա փոխարեն մենք տեսնում ենք սիտուատիվ քայլեր, զենքի փողը (ըստ տարբեր աղբյուրների՝ շուրջ 1 մլրդ դոլար) ուղղվում է բնակչության սոցիալական կարիքներին (2023 թվականի ՀՀ սոց․ բյուջեն գերազանցում է ՀՀ ՊՆ բյուջեն), սահմանների կահավորման տեմպերն անմխիթար են, բանակի համալրումը խարխափում է՝ տուրք տալով փող ծառայության դիմաց աչքակապությանը, իսկ պատասխանատու ՊՆ նախարարը հրաժարվում է ոչ մարտական պայմաններում 15 զինծառայողի մահվան դեպքով քաղաքական ու բարոյական պատասխանատվություն ստանձնելուց եւ հրաժարական տալուց։
Երկրում կառավարումը շարունակվում է իներցիայով, խորանում է քաղաքացիների եկամուտների անհավասար աճը, տնտեսությունը շարունակում է կիսամոնոպոլիզացված եւ ոչ մրցակցային լինել, ուժայինները շարունակում են լինել անձեռնմխելի եւ ենթակա միայն վարչապետին, իսկ այդ ամենը մեկնաբանվում է որպես ժողովրդավարության հաղթանակ։
Այսինքն՝ սուպերվարչապետությունն իր լծակներով ավելի է խորանում, բայց դա մեկնաբանվում է որպես ժողովրդի ընտրություն, այլ ոչ կառավարչական աղետ։
Հայաստանը, դե ֆակտո, ներսում տնտեսությունը հանձնում է ռուսական մոնոպոլիստներին, քաղաքական կառավարման բարքերով չի զիջում Կրեմլին, բայց արտաքին գործընկերների համար հռչակում պրոեվրոպական ու պրոարեւմտյան կողմնորոշում՝ հընթացս ավելի դեգրադացնելով ու թաղելով ժողովրդավարական ինստիտուտներն ու հաշվետու կառավարումը. վերջին շրջանի հրաժարականներն ու փոխատեղումները ձեզ օրինակ։
ՄԻՊ է ընտրվում լոյալ թիմակիցը, խոսում 5-ամյա ծրագրերի մասին, բայց առաջին իսկ հնարավորության դեպքում լքում պաշտոնը՝ մեկնաբանելով դա ավելի լավ գործի անցնելու մոտիվացիայով եւ դրանով իսկ արժեզրկելով մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը։ Երկիրն, ուրեմն, հայտարարություններով ժողովրդավար ու մրցակցային պետություն է՝ կոչված իր ժողովրդի շահերի պաշտպանությանն ու երկրի սահմանային անվտանգության ապահովմանը, իսկ դե ֆակտո՝ սահմաններին տեղակայվում են ռուս սահմանապահներ, 10 տարով վերահաստատվում է գազային կախվածությունը Ռուսաստանից, հարկատուների բյուջեից սուբսիդավորվում է ռուսական գազի ոչ մրցակցային, ոչ շուկայական, մենաշնորհային գինը, բայց էկրաններից լսում ենք ՀԱՊԿ-ից դուրս գալու, Հայաստանի դեմ ՌԴ «հիդբրիդային պատերազմը» ԵՄ խաղաղապահներով բալանսավորելու, Հայաստանի արեւմտյան կողմնորոշման փրկչական որոշման, նոր «Դաշանց Թղթի», «թղթե շերեփների», ֆրանսիական նավերի՝ տավրոսյան լեռներ բարձրանալու եւ բազմաչարչար ազգին փրկելու մասին ունկահաճո մարգարեություններ։
Դրանք, հարկավ, կարող են իրականության դառնալ, եթե ՀՀ-ն իրապես ուղղվի դեպի Արեւմուտք, իրական քայլերով փորձի դուրս գալ ռուսական նեոգաղութային ծիրից, բայց իրականության մեջ՝ տեղում, մենք ականատես ենք լինում հակառակին. Հայաստանը շարունակում է էլ ավելի խորացնել տնտեսական, մշակութային ու սոցիալ-գաղափարական կախվածությունը Ռուսաստանից։
Մասնագիտությումբ պատմագետ եմ։ Տարիներ ի վեր ուսումնասիրում եմ հայկական մեդիան եւ քաղաքական դաշտը։ Գրում եմ պատմության, քաղաքականության, մշակույթի, գաղափարների ու մարդկանց մասին։ Չեմ հավատում փրկիչներին։