ԱՄՆ պետդեպը պատասխանել է ՌԴ ԱԳՆ երեկվա հայտարարությանը, որտեղ վերջինս անդրադարձել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական նոր առաքելություն ստեղծելու մասին որոշմանը:
Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ «ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի կցորդի վերածված եւ ԱՊՀ տարածքում առճակատման քաղաքականություն վարող Եվրամիության ներկայացուցիչների հայտնվելը Հայաստանի սահմանամերձ շրջաններում կարող է միայն աշխարհաքաղաքական առճակատում բերել տարածաշրջան եւ սրել առկա հակասությունները»:
Այնուհետեւ ռուսները ֆիքսել են, որ «Երեւանում, առանց իր տրամաբանական ավարտին հասցնելու ՀԱՊԿ առաքելության ուղղությամբ աշխատանքները, գերադասել են ընտրություն կատարել հօգուտ ԵՄ-ի»: Չշտապենք նկատել, թե ռուսները խանդում են մեզ: Բայց պետք է հիշել, որ նրանք մեզ երկար ժամանակ համարում էին իրենց ֆորպոստը: Այսինքն՝ ռուսական տեսանկյունից ամեն ինչ այնքան իդեալական էր հայ-ռուսական հարաբերություններում, որ ռուսներն առանց դիվանագիտական թիթիզության մեզ ֆորպոստ էին համարում: Հիմա նրանք տեսնում են, որ Հայաստանը «ձեռքից գնում է»:
Ի՞նչ է տեղի ունենում: Բանն այն է, որ Հայաստանի հետ հարաբերություններում Ռուսաստանն ու Ադրբեջանը խաղում են միասին: Այդ երկուսի միասին խաղալն այսօր արտահայտվում է Ադրբեջանի ագրեսիվությամբ, նրա ձեռքերը կարծես ազատվել են: Խախտվել է ռազմական բալանսը: Ռուսաստանը մեզ զենք չի տալիս, Ալիեւն էլ հայտարարում է, թե թույլ չի տա, որ Հայաստանը զինվի: Ի՞նչ է նշանակում թույլ չտալ: Թույլ չտալ նշանակում է անընդհատ նախաձեռնել բախումներ: Իսկ եթե կա բախում, նշանակում է կա Ռուսաստանի համաձայնություն, որ լինեն այդ բախումները: Որովհետեւ եթե լիներ Արեւմուտքի համաձայնություն ռուսականի փոխարեն, Ռուսաստանը հաստատ կկանգներ Հայաստանի մեջքին: Նման բան չկա:
Ռուսներին պետք է հասկանալ: Ղարաբաղում նրանք Ադրբեջանի հետ չեն, բայց Հայաստանին ճնշելու համար օգտվում են ադրբեջանցիներից: Իսկ Հայաստանից, հայտնի է, թե նրանց ինչ է պետք, ընդ որում՝ առանց տալու: Իսկ ի՞նչ չեն տալիս: Չեն տալիս ՀԱՊԿ ուժեր, որոնք կապահովեին մեր տարածքային ամբողջականությունը:
Ալիեւն ասում է՝ կռվելիս կանգ կառնեմ այնտեղ, որտեղ հարմար կգտնեմ, ու դա կլինի Ադրբեջանի սահմանը Հայաստանի հետ: Իսկ Ալիեւը չի խաբում, Ալիեւը չի խաղում, Ալիեւը չի վախեցնում: Ասել է, կանի: Կանի, որովհետեւ ռազմական բալանս չկա, ու խանգարող էլ չկա: Հենց այդ հարցն է լուծում ԵՄ-ն: Հարավային Կովկասում անհրաժեշտ է ռազմական բալանս: Անհրաժեշտ է, որովհետեւ Հայաստանը մնում է ցամաքային կարեւոր լոգիստիկ հանգույց Արեւմուտքի համար: Ընդ որում՝ այնպես չէ, որ Ղարաբաղը դրանից շահելու է: Ղարաբաղն ընդհանրապես կապ չունի այս ամենի հետ: Այս իմաստով Արեւմուտքն ու Հայաստանը միմյանց ոչնչով օգնել չեն կարող:
Արեւմուտքը չի նահանջի, Ղարաբաղն ադրբեջանական հող է նրանց համար: Բայց Հայաստանի հարցն ուրիշ է: Նա պետություն է եւ պետք է ինքնուրույն կարողանա պաշտպանել իրեն: Հենց դրա համար է հատկապես այստեղ տեղավորվում ԵՄ քաղաքացիական նոր առաքելությունը. որպեսզի Հայաստանը կարողանա ոտքի կանգնել: Իսկ թե ինչպես, դա հրապարակման թեմա չէ:
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: