Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Սուրբ Պետրոսի հրապարակից կիրակնօրյա պատարագի ընթացքում վերստին անդրադարձել է Լաչինի միջանցքի փակմանը: Նա կոչ է արել բացելու ճանապարհը՝ անմարդկային համարելով Արցախում տիրող իրավիճակը: Սրբազանը կոչ է արել գործընթացում ներգրավված անձանց շուտափույթ գտնելու խաղաղ լուծումներ հանուն մարդկանց բարօրության:
«Ես կրկնում եմ կոչս Հարավային Կովկասի Լաչինի միջանցքում տիրող մարդասիրական լուրջ իրավիճակի առիթով: Սրտամոտ եմ բոլոր նրանց, որոնք այս ձմռանը ստիպված են դիմակայել անմարդկային այդպիսի պայմանների։ Անհրաժեշտ է միջազգային մակարդակով ամեն ջանք գործադրել լուծումներ գտնելու համար` ի նպաստ մարդկանց բարօրության»,- ասվում է Ֆրանցիսկո պապի կոչում:
Լաչինի միջանցքի հումանիտար հետեւանքներին նա անդրադարձել էր նաեւ 2022-ի դեկտեմբերի 18-ին։
Հռոմի Պապը նաեւ մտահոգություն է հայտնել բախումների նոր փուլում պաղեստինցիների եւ իսրայելցիների մահվան առթիվ։ «Մեծ ցավով եմ ընդունում Սուրբ հողում տեղի ունեցողը, մասնավորապես 10 պաղեստինցիների մահվան մասին տեղեկությունները։ Նրանք սպանվել են Պաղեստինում իսրայելական հակաահաբեկչական օպերացիայի ժամանակ։ Մտահոգիչ է նաեւ այն, թե ինչ է տեղի ունեցել Երուսաղեմում ուրբաթ երեկոյան, երբ 7 իսրայելցի հրեաներ սպանվել են պաղեստինցու կողմից, մի քանիսն էլ վիրավորվել են սինագոգից դուրս գալիս»,- ասել է Հռոմի պապը։ Ըստ հովվապետի` մահերի այն շղթան, որն օրեցօր աճում է, միայն փակում է երկու ժողովուրդների միջեւ վստահության ցանկացած հույս։