Ըստ հեղինակավոր Financial Times պարբերականի՝ կլիմայական փոփոխություններն ու պարենային գործարքի հնարավոր խափանումը կարող են հացահատիկի գլոբալ շուկայի համար դառնալ լուրջ ռիսկեր։ Հրապարակման մեջ նշվում է, որ աշխարհում պարենի գնաճի զսպման հարցում գլխավոր դերակատարությունն ունեցավ պարենային գործարքը։ Սակայն վերլուծաբանները կարծում են, որ այն կարող է խափանվել, ինչը, ըստ մասնագետների, կհանգեցնի պարենային շուկայի գների թռիչքային աճի։ Վերլուծաբանները պարենային գործարքի ճակատագիրը համեմատել են «մեկ շարժիչով թռիչք կատարելու» հետ։ Այսինքն՝ քանի դեռ շարժիչն աշխատում է, իրավիճակը հարաբերականորեն կայուն է։ Սակայն եթե այն դադարի աշխատելուց, կառաջանան չափազանց լուրջ խնդիրներ։
Financial Times-ի կարծիքով պարենային գլոբալ շուկայի համար սպառնալիք են նաեւ կլիմայական փոփոխությունները։ Խոսքը Խաղաղ օվկիանոսի ջրային ավազանի կենտրոնական եւ արեւելյան հասարակածային հատվածներում ջրի մակերեսի ջերմաստիճանի նվազումն է։ Այդ երեւույթը հանգեցնելու է մթնոլորտի շրջապտույտի, քամիների, մթնոլորտային ճնշման եւ տեղումների փոփոխության։ Փորձագետները մատնանշում են, որ Լա-Նինյայի մթնոլորտային եւ օվկիանոսային երեւույթները, որոնք արդեն երեք տարի է՝ ընթանում են, ինչն աննախադեպ է, այս տարի կարող են ամբողջ աշխարհի համար ունենալ խիստ վնասակար ազդեցություն։