Պենտագոնի խոսնակ, գեներալ Պատրիկ Ռայդերը Reuters գործակալությանը հայտնել է, որ ԱՄՆ-ի զինուժը ներգրավված չի եղել Իրանում տեղի ունեցած հարձակման մեջ: Ամերիկացի մի շարք պաշտոնյաներ եւս գործակալությանը հայտնել են, որ Վաշինգտոնն առնչություն չունի Սպահանի զինամթերքի գործարանի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման հետ՝ նշելով, որ դա թերեւս Իսրայելի ձեռքի գործն է:
Իսրայելի հնարավոր առնչության մասին կիրակի հրապարակում էր արել նաեւ The Wall Street Journal-ը: Իսրայելի ռազմական գերատեսչության խոսնակը հրաժարվել է մեկնաբանություն տալուց: Reuters-ը հիշեցրել է Իսրայելի հայտարարությունները, թե կհարվածի իրանական թիրախների, եթե դիվանագիտությամբ չհաջողվի կասեցնել Թեհրանի միջուկային կամ հրթիռային ծրագրերը:
Թեհրանը պաշտոնապես որեւէ մեկին չի մեղադրել հարձակման համար: Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը տեղի ունեցածն անվանել է «վախկոտ» հարձակում, որի նպատակն էր անկայունություն ստեղծել Իրանում:
ՌԴ-ի հետ Իրանի համագործակցությունը զարգացնելու դեմ պայքարի նոր եղանակներ են քննարկում
Միեւնույն ժամանակ, ըստ ամերիկյան Wall Street Journal պարբերականի՝ իրանական Սպահանում գտնվող ՊՆ–ի գործարանի վրա անօդաչուներով հարձակման հետեւում կանգնած է Իսրայելը։
Իրանական լրատվամիջոցներն ավելի վաղ նշել էին, որ իրանական Սպահանում գտնվող ՊՆ-ի ռազմական օբյեկտը փոքր անօդաչուների հարձակման հետեւանքով աննշան վնասվել է, զոհերի եւ տուժածների մասին տեղեկություններ չկան։ Հայտնել էին, որ անօդաչուներից մեկը խոցվել է ՀՕՊ միջոցներով, մյուս երկու սարքերը որսացել են զինվորականներն ու պայթեցրել։ Աղբյուրին հղում անելով՝ Al-Arabiya հեռուստաալիքը հայտարարել էր, որ անօդաչուների գրոհին մասնակցում էր ԱՄՆ ավիացիան։ «Իսրայելը գաղտնի հարված է հասցրել Իրանի պաշտ-պանական համալիրին»,– հայտնել էին պարբերականին` հղում անելով անհայտ ամերիկացի պաշտոնյաների։
Պարբերականը գրում է, որ սա Իսրայելի առաջին հայտնի հարձակումն է այն բանից հետո, երբ երկրի վարչապետ կրկին դարձավ Բենիամին Նեթանյահուն։ Նշվում է, որ իսրայելցի եւ ամերիկացի պաշտոնյաները Ռուսաստանի հետ Իրանի համագործակցությունը զարգացնելու դեմ պայքարի նոր եղանակներ են քննարկում։ Սպասվում է, որ Նեթանյահուի նոր կառավարությունը Ուկրաինային ռազմական օգնություն չի տրամադրելու, սակայն շարունակելու է գաղտնի հարվածներ հասցնել Իրանի միջուկային եւ ռազմական ծրագրերին։