Ըստ «Կոմերսանտ» պարբերականի՝ «Ռոստելեկոմը» բանակցություններ է վարում USM Group-ից «ՄեգաՖոնը» ձեռք բերելու համար։ Կապի այս օպերատորի ձեռքբերմամբ այլ ընկերություններ էլ են հետաքրքրված։ Ըստ «Կոմերսանտի»՝ USM-ը սկսել է հեռահաղորդակցության ոլորտում ունեցած ակտիվների վերակառուցումը։ «ՄեգաՖոնի» արժեքի վրա ազդում են թե՛ Ռուսաստանում տիրող ընդհանուր տնտեսական պայմանները, թե՛ արդիական սարքավորումների նկատմամբ հասանելիությանն առնչվող խնդիրները։
Այս իրավիճակում առանցքային տեխնոլոգիական ակտիվների փոխանցումը պետությանը, ըստ «Կոմերսանտի», կնվազեցնի առկա ռիսկերը։ «Վիմպելկոմի» վերջնական սեփականատերերը, որը Veon հոլդինգը մտադիր է փոխանցել թոփ-մենեջմենթային կառավարման, կարող են դառնալ պետության հետ կապված կառույցները։
«Կոմերսանտի» կառավարամերձ աղբյուրները հաղորդում են, որ 2022-ի տարեվերջին ՌԴ կառավարության համաձայնեցմանն է ներկայացված «Ռոստելեկոմի» կողմից USM Group-ից «ՄեգաՖոնի» ձեռքբերման հարցը։ «ՄեգաՖոնը» բավական լավ արդյունքներ ունի, եւ առաջին տարին չէ, որ վերջինիս ձեռքբերման հարցում հետաքրքրություն են ներկայացնում պետական կառույցները։
Հիշեցնենք, որ «ՄեգաՖոնը» ՌԴ խոշորագույն հեռահաղորդակցության օպերատորներից է։ Սպասարկում է ավելի քան 74 միլիոն բաժանորդի։ Ընկերության 100 տոկոսանոց բաժնետերը USM Group ընկերությունն է։ Ընկերությունը կարող է գնահատվել ոչ պակաս, քան 616 միլիարդ ռուբլի։ Նշենք, որ ռուսական հեռահաղորդակցության շուկայում Veon հոլդինգային ընկերությունը մտադիր է «Վիմպելկոմ» ընկերությանը հանձնել թոփ-մենեջմենթային կառավարման։ «Վիմպելկոմը» կարող է գնահատվել ոչ պակաս, քան 370 միլիարդ ռուբլի։ Այս ընկերությունն էլ կարող են ձեռք բերել «Սբերբանկն» ու «Գազպրոմը»։