«Դեկտեմբերի 14-ին Արցախից պետք է Երեւան գայի՝ կարի մեքենան նորոգման բերելու, ամսի 10-ին եկա, ինչի համար ափսոսում եմ, «տեղս ճարում չում լի»,- ասում է երգիչ, ռեփեր Վալերի Ղազարյանը, որին հանրությունը ճանաչում է Լյոկա անունով։
Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը փակելուց հետո, ի թիվս այլ արցախցիների, Հայաստանում է մնացել նաեւ ռեփերը․ չէր կանխատեսում, որ շրջափակումը կարող է ամսից ավելի շարունակվել, ճանապարհը փակելու նախկին փորձերը մի քանի ժամ էին տեւել։ Իր գործունեությունը Լյոկան ծավալում է Արցախում։ «Պատերազմից հետո բնականոն կյանք վերադառնալ չէի կարողանում, ժամանակ էր պետք ինքս ինձ վերագտնելու համար, ընկերներս չթողեցին մտքերիս ճահճում մնայի, ճիշտ արեցին, այլապես չգիտեմ՝ ուր կհասնեի»,- պատմում է Լյոկան: Սկսում են մարզահագուստի արտադրությամբ զբաղվել, ընկերների տանը։
«Lyoka’s» ապրանքանիշն արդեն պաշտոնապես գործում էր Ստեփանակերտում
«Ինչ գործ անեի, ստեղծեի, այն սկզբունքորեն պետք է Արցախում ծավալվեր։ Եթե հնարավորություն ունեմ գոնե հինգ հոգու աշխատավարձ տալու, պիտի անեմ Արցախում: Այս շրջանում դա Արցախին պետք է առավել քան երբեւէ: Աշխատակիցները բոլորը տեղահանվածներ են»,- նշում է արցախցի ռեփերը:
Արտադրամասի աշխատանքն այսօր դադարեցվել է շրջափակման պատճառով, բայց դեկտեմբերի աշխատավարձը կարողացել են բոլորին վճարել։ Ասում է՝ մարդը մեղավոր չէ, որ դու չես կարող հումք ապահովել։ Իր եկամտի աղբյուրներն էլ զգալի նվազել են։ Հուդիներն արցախյան թեմատիկա ունեն՝ Արցախի բարբառով ասեղնագործ գրվածքներ, խորհրդանիշեր եւ այլն։ Արտադրում են նաեւ արծաթյա կախազարդեր՝ Ղազանչեցոց եկեղեցու հրեշտակների կրկնօրինակմամբ։ Հիմա երգչի ֆինանսական աղբյուրը միայն կախազարդերից եւ յութուբյան ալիքի գումարներից են գոյանում։ Կախազարդերը կարելի է պատվիրել առցանց՝ թե՛ Երեւանում, թե՛ Արցախում։
«Փոքր էի, հիշում եմ, ընկեր Օնիկի ֆիզկուլտուրայի դասերին չէի գնում․ մարզահագուստ չունեի։ Էդ ժամերին կա՛մ փախչում էի, կա՛մ թաքնվում, որ չտեսնեն ինձ»․ մանկական «տրավման», որ մինչ օրս հետապնդում է երգչին, որոշել է բարեգործության վերածել։ Արցախի այն գյուղերում, որտեղ տեղահանված ընտանիքներ կան, դպրոցական երեխաներին ապահովելու են իրենց արտադրած մարզահագուստով։
Կարեւորն այն է, որ այլեւս կորուստներ չունենանք
«Ընկերոջս հայրը քաղցկեղով հիվանդ է, ծանոթներիցս մեկի աղջիկը շաքարային դիաբետ ունի, չունի համապատասխան դեղեր։ Ես, օրինակ, շաբաթը երկու անգամ դեղեր եմ ներարկում, որ կարողանամ քայլել։ Ու ինձ նման շատերը կան, որ դեղերով են ապրում»,- պատմում է երգիչը։ Նա այստեղ վարձով է ապրում։ Պատերազմից հետո մեծ ընտանիքը կիսվել է. Ստեփանակերտում, Կոճողոտում, Արտաշատում ու Երեւանում են բնակվում: Գործի բերումով Լյոկան ամսվա կեսը Երեւանում էր, կեսը՝ Արցախում: Կամ, ինչպես ասում է, Արցախ-Հայաստան ճանապարհին էր ապրում։ Երգիչը նաեւ պատերազմից հետո իր ձեռք բերած նախասիրության մասին է պատմում, թե ինչպես էր վերցնում ուսապարկն ու թափառում Արցախի եւ Հայաստանի լեռներում։
Ուզում եմ շուրջս միայն բարբառ լսել
«Երբեք Արցախից այսքան երկար չեմ բացակայել։ Առաջին դեպքն է, որ Նոր տարին ընտանիքիս հետ չեմ նշել, առաջին դեպքն է, որ ընկերներիս, հարազատներիս այսքան կարոտել եմ։ Ավելի շատ կարոտել եմ մեր երեկոյան հանդիպումները «Մալիբու»-ում, խարույկի շուրջը հավաքույթները, ուզում եմ միայն բարբառ լսել, անասելի տանջանք է, Արցախում իմ ափսեի մեջ եմ, այստեղ՝ արցախցի, որն ապրում է Երեւանում»,- անկեղծանում է Լյոկան։
Նրա կարծիքով՝ այսպես շարունակվելու է դեռ այնքան երկար, մինչեւ մարդիկ չհասկանան առաջնահերթությունները։ Ըստ նրա՝ հիմա Արցախում էլ ամեն մեկն իր անձնական ամբիցիայով է ապրում՝ նախագահից մինչեւ հասարակ քաղաքացի, մինչդեռ պետք է գնալ հիմնական գաղափարի հետեւից, հասկանալ վերջապես՝ ուզում ենք ամեն մեկս մեր կաշի՞ն փրկել, թե՞ հայրենիքը։ Այդ դեպքում գուցե մի բան փոխվի։ «Իմ ընկալմամբ՝ պատմությունը կրկնվում է։ Նախիջեւանի հայաթափումը՝ վառ օրինակ, այդ ժամանակ թեեւ միանգամից ճանապարհ չփակվեց, բայց ամեն ինչ արեցին, որ մարդիկ ինքնակամ հեռանան։ Ամիսուկես է՝ խախտված է 120000 մարդու իրավունք, ու այդ ամեն ինչի համար մեղավոր ենք բոլորս»։
Արցախում ոչ թե ցեղասպանության վտանգ է, այլ արդեն ցեղասպանության պրոցես
«Ինչքան շրջափակումը երկարում է, այնքան մեր օգտին է. մարդիկ արժեքները վերագնահատելու ունակություն են ձեռք բերում։ Եվ անկախ ամեն ինչից՝ դու ես ու քո հարեւանն է, եթե քեզ հետ ինչ-որ բան լինի, առաջին փրկիչը հարեւանդ է, որքան երկարի, այդքան մեկ բռունցք է դառնալու ժողովուրդը։ Սկսելու են մի գաղափարի շուրջն ապրել: Այդ ընթացքում պետք են հայրենասեր մարդիկ, որ վերեւի օղակներում կարողանան բանակցություններ անցկացնել»,- ասում է երգիչը, որ նաեւ հասարակական գործունեությամբ է զբաղվում։
Դեկտեմբերի 20-ին նա ընկերների հետ Երեւանում երթ է կազմակերպել դեպի Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի դեսպանատներ եւ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ՝ ցույց տալու, որ յուրաքանչյուր հայի համար կարեւոր է Արցախի ճակատագիրը։ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առաջարկով դեղորայք են հավաքել եւ որպես աջակցություն տեղափոխել են Արցախ։ Լյոկայի կարծիքով՝ հասարակությունը պետք է ստիպի, ձայնի ալիք բարձրացնի, որ կառավարությունը տեղից շարժվի։ «Երեք տարբերակ կա՝ գնում ենք, մնում ու պայքարում ենք կամ մեռնում։ Թեկուզեւ ամեն օր ճանապարհը բացեն-փակեն, հոսանքազրկեն, գազը անջատեն, միեւնույնն է, ես անձամբ չեմ հեռանա Արցախից»,- ասում է եւ հավելում՝ այս միտքն ամրապնդվել է հատկապես շրջափակման օրերի ընթացքում։
Մտերիմ ընկերը շուտով երեխա է ունենալու, կինը խնդիրներ եւ դեղորայքի կարիք ունի։ Ասում է՝ երբ հարցնում է, թե ինչ են պատրաստվում անելու, պատասխանել է, որ բոլորի նման մնալու եւ ապրելու է Արցախում։ Երգչին դառնացնում է այն փաստը, որ շատերը հանրային հարթակներից կոչեր են հնչեցնում, բայց հետո ասում եւ անում են հակառակը։ «Մարդիկ կան, որ հայրենասիրությունից, անկոտրում ոգուց են խոսում հանրային հարթակներում, բայց առանձին ասում են՝ «պյացվի էս ճամփեն՝ մերունց հանիմ ըստեղան»։
«Արդեն չեմ հիշում՝ քանի անգամ եմ տուն փոխել»
Մարաղան Լեռնային Ղարաբաղի ամենամեծ բնակավայրերից էր: 1992 թվականի ապրիլի 10-ին ադրբեջանցի օմոնականները ներխուժելով ավերում ու հրկիզում են գյուղը, անմարդկային դաժանություններով տանջամահ անում խաղաղ բնակիչներին։ Ոմանց հաջողվում է փրկվել, թաքնվել անտառներում։ Լյոկան մանկահասակ է եղել, բայց որոշ դրվագներ հիշողությունից չեն ջնջվում, ասում է՝ «Մամաս ինձ գրկած տանում էր, էդ պայթյունները, արնաքամ ընկած մարդիկ․․․ մանկական իմ առաջին լուրջ տրավման էր, երեւի դա է պատճառը, որ մինչեւ հիմա չեմ գժվել, կոփվել եմ։ Լյոկայի բազմանդամ ընտանիքին հաջողվում է մի կերպ փախչել գյուղից, մեկ ամիս ապրել անտառներում եւ հասնել Պողոսագոմեր՝ տատիկի տուն, ապա՝ Ստեփանակերտ։ Օրեր անց իմանում են՝ գյուղը հրետակոծել են, տատի տունն էլ չկա։
Ստեփանակերտի առաջին դպրոցի դասասենյակում երեք ընտանիքով են ապրել։ Առաջին անգամ վիրավորվել է դպրոցի բակում։ Հետախույզների կրակից վիրավորվել է փոքրիկ Վալերիի ոտքը։ Մինչեւ հիմա փամփուշտը պահում է։ Բայց դրանով ամեն բան չի վերջացել․հետագայում եւս 4 անգամ վնասվածք է ստացել, նաեւ՝ բեկորային։ Ստեփանակերտ-Մարտակերտ-Դրմբոն․․․ սա Լյոկայի ընտանիքի անցած ճանապարհն է։ Մարտակերտն ազատագրելուց հետո հաստատվում են Նոր Մարաղայում։ Տեղից տեղ փախչելը, անտառներում ապրելն անհետեւանք չի անցնում․ երկարատեւ բուժվում է ռեւմատիզմից, իսկ 2015-ին ոսկորների լուրջ խնդրի պատճառով ստիպված է լինում վեց ամսից ավելի անշարժ պառկել։
Հիմա 4 կգ 800 գրամ երկաթ կա ներսումս
«Ընկերներս դրամահավաք կազմակերպեցին։ Ինձ վիրահատեցին, կոնքազդրային հոդիս մեջ երկաթ դրեցին, 4 կգ 800 գրամ երկաթ կա ներսումս։ 2016 թվականի ապրիլն էր, արդեն ձեռնափայտով էի, քառօրյա պատերազմը սկսվեց, չկարողացա նստել տանը, կամավոր մեկնեցի։ Բեկորային վիրավորում ստացա, բեկորը բարեբախտաբար դիպել էր երկաթին։ Հարվածից միայն պտուտակներն էին ընկել, մի անգամ էլ վիրահատեցին»,- պատմում է երգիչը։ Առողջության բազում խնդիրները Վալերիին հետ չեն պահում նաեւ 2020-ի պատերազմից, որտեղ կրկին վիրավորվում է։ Նոր Մարաղան եռակողմ պայմանագրով անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Լյոկան վերցնում է հին լուսանկարները, դռան վրա նռնակներ դնում ու հեռանում բնակավայրից՝ այնտեղ թողնելով իր համար ամենաթանկը՝ մոր եւ եղբոր գերեզմանը։ «Կիսատ եմ, մորս խոստացել էի, որ հարսանիքս իր գերեզմանից եմ սկսելու․․․․»։
Իմն Արցախն է, այլ բան չեմ տեսել
«Ամեն անգամ տան վրա աշխատելիս մտածում եմ՝ վստա՞հ ես, որ այստեղ մնալու ես, նորից չես կորցնելու։ Հարցեր են, որոնց պատասխանը ես չունեմ։ Բայց ես իրավունք ունեմ այստեղ ապրելու, պայքարելու, գոյություն ունենալու։ Բազմաթիվ հարվածներ եմ ստացել, բայց ամեն անգամ կանգնել ու շարունակել եմ, ամեն իրավիճակի համար լոզունգ ունեի. բուժվելիս, օրինակ, ասում էի՝ եթե մարդն ուզում է ապրել, հիվանդությունն անզոր է»,- ասում է Վալերի Ղազարյանը։
2019 թվականին է գրել տան մասին իր առաջին երգը՝ «Տուն տարեք»-ը։ Տեսահոլովակը նկարել են արցախյան 12 գյուղերում, որոնցից 6-ն արդեն մերը չեն։ Հետո հաջորդում է հոգու եւս մեկ պոռթկում՝ «Հասցեն իմ նույնն ա», որն ուղերձ է՝ ուր էլ լինեմ, ուր էլ գնամ, ինչ էլ անեմ, իմ հասցեն Արցախն է։ Երգիչը հիմա մեծ ալբոմի վրա է աշխատում, որն ավելի շատ ֆիլմ է հիշեցնելու։ «Ֆիլմն ընդհատվում է երգերով՝ դարձյալ Արցախի մասին։ Ուրիշ ոչնչի մասին չեմ կարող խոսել, գրել, ես այլ բան չեմ տեսել, իմն Արցախն է»,- եզրափակում է Լյոկան։
Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։