ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտնել է, որ Ռուսաստանը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ երկկողմ հարաբերությունների վերաբերյալ նոր խորհրդակցություններին։ Դիվանագետը նշել է, որ Մոսկվան դրանց անցկացումն օգտակար է համարում դիրքորոշումները հստակեցնելու համար։ Բանակցությունների հստակ ժամկետը դեռ հայտնի չէ։
Դեսպանությունների աշխատանքի կարգավորման ու երկկողմ հարաբերություններում ցավոտ կետերի վերացման շուրջ խորհրդակցությունների նախորդ փուլը տեղի էր ունեցել անցյալ տարվա վերջին: Մեկնաբանելով դրանց արդյունքները՝ Ռյաբկովը նշել է, որ ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցչությունների թվաքանակի հարցը չի քննարկվել։ Ըստ նրա՝ այդ առումով իրավիճակը բավական խճճված է եւ նախապատմություն ունի, ուստի սկզբունքորեն կարեւոր է այդ սյուժեների շուրջ երկխոսությունը, եւ Մոսկվան կշարունակի այն:
Ռյաբկովը հավելել է, որ կուտակված խնդիրներն ինչ-որ կերպ մեռյալ կետից շարժելու համար շփման կետեր գտնելու այլ միջոց չի երեւում։ «Ներկայում զբաղվում ենք հերթական հանդիպման նախապատրաստական աշխատանքով։ Հուսով ենք՝ փոքր քայլերի մարտավարությունը թույլ կտա փոխադարձ ընդունելի հանգուցալուծումների հասնել երկկողմ օրակարգի առավել կարեւոր հարցերի շուրջ»,- ընդգծել է փոխարտգործնախարարը։
Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի պրոֆիլային դեպարտամենտների տնօրենների մակարդակով հանդիպումը տեղի է ունեցել 2022-ի դեկտեմբերի 9-ին Ստամբուլում։