Ըստ The Washington Post պարբերականի՝ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի որոշմամբ Ուկրաինային հատկացված 31 միավոր Abrams M1A2 տանկերը Ուկրաինա կհասնեն ոչ շուտ, քան ընթացիկ տարվա վերջին։ Ուկրաինա ուղարկվելիք տանկերը ոչ թե կվերցվեն ամերիկյան ռազմական պահեստներից, այլ կգնվեն Ուկրաինայի անվտանգության աջակցության հատուկ նախաձեռնության շրջանակում։ «Ուկրաինայի համար նախատեսված տանկերը կկառուցվեն առանց սպառված ուրանի պաշտպանիչ շերտի։ Դրանք Ուկրաինա կհասնեն այս տարվա վերջում կամ հաջորդ տարվա սկզբին»,- ասված է հոդվածում։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի իշխանությունները բազմաթիվ անգամներ են դիմել Արեւմուտքի երկրներին՝ խնդրելով տրամադրել տանկեր։ Այս հունվարին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, ԱՄՆ-ը, Լեհաստանը եւ ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրներ պատրաստակամություն հայտնեցին Ուկրաինային տանկեր տրամադրելու։
The Washington Post-ը նաեւ գրել է, որ ԱՄՆ-ը համաձայնել է տանկեր տրամադրել Ուկրաինային, սակայն այնպիսի գրաֆիկով, որ Գերմանիայից Ուկրաինային հատկացվելիք Leopard 2 տանկերն արդեն տեղ հասած լինեն Ուկրաինա։ Գերմանիան էլ իր հերթին ընդգծել է, որ մտադիր չէ իր տանկերը փոխանցել Ուկրաինային ամերիկյան տանկերի տրամադրումից շուտ։ Բեռլինում նշել են, որ գերմանական պատմությունը խոչընդոտում է այդ մակարդակի ծանր զինտեխնիկայի մատակարարումը։
Ամերիկյան մեկ այլ պարբերական՝ The New York Times-ը, գրել էր, որ ամերիկյան Abrams տանկերի՝ ուկրաինական ռազմաճակատ հասնելը կարող է տեւել տարիներ։
CNN-ը եւս հաղորդել էր, որ Կիեւի իշխանություններն ամերիկյան տանկերը կարող են ստանալ ոչ շուտ, քան մեկ տարվա ընթացքում։