ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ղազախստանի փոխվարչապետ, արտգործնախարար Մուհտար Տլեուբերդիի հետ բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսում հույս է հայտնել, որ Իրանը հնարավորինս շուտ կվավերացնի Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիան:
2018-ի օգոստոսին Ակտաուում Կասպիական V-ի գագաթնաժողովում Ռուսաստանի, Ղազախստանի, Իրանի, Ադրբեջանի եւ Թուրքմենստանի նախագահները ստորագրել են Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիան: Փաստաթուղթն անժամկետ է եւ ուժի մեջ կմտնի այն ստորագրած բոլոր հինգ պետությունների կողմից վավերացումից հետո:
Կոնվենցիան առայժմ վավերացրել են չորս մասնակիցներ՝ Թուրքմենստանը (2018-ի դեկտեմբերին), Ղազախստանն ու Ադրբեջանը (2019-ի փետրվարին) եւ Ռուսաստանը (2019-ի հոկտեմբերին):