Ռուսական դիվանագիտության գործունեության 2022 թվականի արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսին ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են, որ Մոսկվան ողջունում է Հայաստանի եւ Թուրքիայի երկխոսության առաջընթացը, քանի որ դրանով հեռանկարներ են բացվում երկու երկրների կապերի վերականգնման համար։
ՀՀ արտգործնախարարի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հունվարի 6-ին հայտարարել էր, որ թուրքական կողմը Հայաստանին տեղեկացրել է ուղիղ բեռնափոխադրումների արգելքի վերացման մասին։
ՌԴ ԱԳՆ-ից ընդգծել են, որ հենց ՌԴ հովանու ներքո է տրվել Անկարայի եւ Երեւանի հարաբերությունների կարգավորման մեկնարկը` 2022-ի հունվարին, երբ Մոսկվայում առաջին անգամ հանդիպեցին Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանը եւ Սերդար Քըլըչը։ «Երկուսի հետ այսօր էլ սերտ կապի մեջ ենք։ Ողջունում ենք վերջին առաջընթացները, որոնք հեռանկարներ են բացում հայ–թուրքական կապերի վերականգնման համար, ինչը կնպաստի տարածաշրջանային իրավիճակի հետագա առողջացմանը»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում։