Ըստ Լեհաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Պավել Յաբլոնսկիի` Լեհաստանը դեմ չէ, որ Ուկրաինան մի քանի տարուց անդամակցի Եվրամիությանը։ Սակայն դրա համար Կիեւը նախ պետք է հաղթի պատերազմում։
TVP Info-ի եթերում լրագրողը հարցրել է` որը պետք է լինի փետրվարի 3-ին Կիեւում կայանալիք ԵՄ-Ուկրաինա գագաթնաժողովի ազդակը։ Ի պատասխան՝ լեհ բարձրաստիճան դիվանագետn ընդգծել է, որ տեղի ունենալիք գագաթնաժողովը շատ կարեւոր իրադարձություն է, քանի որ Ուկրաինայի նկատմամբ ռուսական ագրեսիայի հիմքում Ուկրաինայի՝ եվրոպական ինտեգրացիայի արգելափակման ձգտումն է։
«ԵՄ-Ուկրաինա գագաթնաժողովը ցույց է տալիս, որ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության ճանապարհը բաց է։ Դա նաեւ լեհական նախաձեռնողականության արդյունքն է։ Ընդ որում` ոչ թե պարզապես կարգախոսներ են եւ դատարկ խոսքեր, այլ իրական համագործակցության կամք։ Մենք ուզում ենք, որ մի քանի տարուց Ուկրաինան դառնա Եվրամիության անդամ։ Դա իրական կլինի, եթե Ուկրաինան հաղթի պատերազմում»,- ասել է փոխնախարար Յաբլոնսկին։ Նա նաեւ հայտարարել է, որ հստակ է, որ ուկրաինացի ժողովուրդը ցանկանում է զարգանալ, ավելի մոտ լինել Եվրոպային, պատկանել ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին։