Անցած տարի աշնանը հայ հասարակությունն ալեկոծվեց այն իրողությունից, որ 9 ամիսների կտրվածքով Հայաստանում 4,2 տրլն դրամի կամ 10,5 մլրդ դոլարի խաղադրույք էր կատարվել։ Դա ահռելի մեծ թիվ էր մի երկրի համար, որի տարեկան պետական բյուջեն 2021 թվականին եղել էր դրա շուրջ կեսի չափ։
Կառավարությունն արդեն իսկ սկսել էր խաղադրույքները սահմանափակող որոշ օրենսդրական մեխանիզմներ մշակել, Ազգային ժողովն ընդունեց գործադիրի այդ առաջարկությունները, բայց միեւնույնն է, մեր խաղադրույքների թիվն ու գումարը գնալով մեծանում են։ Ապացույցը տարեկան տվյալներն են. «Ալիք Մեդիային» Պետեկամուտների կոմիտեի տրամադրած տվյալների համաձայն՝ 2022 թվականին խաղատներում կատարվել է 52,7 մլրդ դրամի խաղադրույք, իսկ ինտերնետ շահումով խաղերում՝ 5 տրիլիոն 774 մլրդ դրամի կամ շուրջ 14,2 մլրդ դոլարի խաղադրույք։ Համեմատելու համար ասենք, որ նույն տարում Հայաստանի պետական բյուջեի ծախսը սահմանված էր 2 տրլն 184 մլրդ դրամի չափով, որից 236 մլրդ դրամը պետք է պարտք վերցնեինք եւ վերցրել ենք։ Այսինքն՝ անցած տարի մեր կառավարության բոլոր ծախսերը միասին կատարված խաղադրույքների կեսն էլ չեն կազմել՝ ընդամենը դրա 26-27 տոկոսը։
Ընդհանրապես վերջին տարիներին մեր երկրում խաղադրույքների չափը բազմապատկվել է։ Եթե 2017 թվականին կատարվել էր ընդամենը 138,5 մլրդ դրամի, ապա դրա հաջորդ տարում՝ 333,6 մլրդ դրամի խաղադրույք։ Իսկ 2019 թվականին այդ թիվը եռապատկվել է՝ հասնելով 1,1 տրլն դրամի։ 2020-ին այն մոտ 2 տրլն, 2021-ին 3,9 տրլն դրամ էր, իսկ անցած տարի՝ ավելի քան 5,7 տրլն դրամ։ Այսինքն՝ վերջին վեց տարվա ընթացքում կամ հեղափոխությունից հետո կատարված խաղադրույքների գումարն ավելացել է 41 անգամ։ Աճի այս արագությունը պատկերացնելով՝ արդեն վտանգավոր է կանխատեսել, թե ինչ թիվ կունենանք այս տարի ու հաջորդ տարիներին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն, իր վերջին ասուլիսում անդրադառնալով շահումով խաղերին ու հատկապես դրանցից մեկի կազմակերպիչներ Վիգեն եւ Վահե Բադալյան եղբայրների հետ իշխանության որոշ ներկայացուցիչների հնարավոր կապի վերաբերյալ հարցին, ասել էր, թե կառավարության ու խորհրդարանի ընդունած սահմանափակումների արդյունքում խաղադրույքների շատ լուրջ անկում է եղել։
Հիշեցնենք, որ անցած տարի արգելվեց բոլոր տեսակի կազինոների, շահումով խաղերի եւ վիճակախաղերի գովազդը։ Արգելվեց նաեւ կանխիկ եղանակով վիճակախաղերի հաշիվներին գումար մուտքագրել-ելքագրելը։ Բայց 2022-ի դեկտեմբերին, օրինակ, խաղադրույքների չափը չի նվազել. եթե նոյեմբերի տվյալով 7 տրլն 312 մլրդ դրամ էր, ապա տարվա կտրվածքով 7 տրլն 774 մլրդ դրամ էր։ Այսինքն՝ դեկտեմբերին կատարվել է մոտ 462 մլրդ դրամի կամ 1,1 մ լրդ դոլարի խաղադրույք։ Անցած տարի միջին ամսական խաղադրույքների չափը հենց այդքան է եղել։
«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանն անցած տարի ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, թե եթե Հայաստանում 2021 թվականին կատարվել է 3,9 տրլն դրամի խաղադրույք, ապա վաճառվել է ընդամենը 1,8 մլրդ դրամի հայերեն գիրք։
«Բուկինիստ» ընկերության ղեկավար Խաչիկ Վարդանյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ շահումով խաղերը մարդկանց խաբելու միջոց են եւ բարգավաճում են հենց մարդկանց խաբելու միջոցով։ «Ես այդ բիզնեսը չեմ ընդունում, զզվում եմ դրանցից։ Նրանք աշխատում են ամենաաղքատ խավի վրա. այդ խաղացողները անհույս մարդիկ են, որոնք հույսները դնում են պատահականության վրա, որ կարող է շահեն, բայց ունեցածն էլ են կորցնում։ Այդ խաղերը պատահական բիզնես չեն, դրանք հոգեբաններ ունեն, որոնք մարդկանց էմոցիաներն ու գումարները որսալու միջոցներ են հուշում։ Թոշակառուն իր հացի փողով լոտոյի տոմս է գնում, որ շահի, բայց կորցնում է»,- ասում է Վարդանյանը։
Սոցիոլոգ Կարեն Սարգսյանն էլ կարծում է, որ այդ խաղադրույքներով իրականում մեծ գումարներ են լվացվում։ Որ տարածաշրջանի տարբեր երկրներից գումարներ են բերում Հայաստան, շահումով խաղերի բիզնեսում շրջանառում ու «մաքրելով» մի մասը դուրս հանում։ Եվ որ այդ ոլորտը թմրաբիզնեսին, զենքի վաճառքին եւ կանանց թրաֆիքինգին համարժեք ոլորտ է եւ նույնքան վտանգավոր է։
«Եթե ունեք կեղտոտ գումար, գեմբլինգի հաշվին 10 հազար դոլար եք դնում, մեկ-երկու խաղադրույք եք կատարում, ասենք՝ 100 դոլարի չափով։ Ինչ լինում, լինում է։ Հետո 10 հազարը արդեն լվացված հանում եք։ Նման միջոցներով կաշառք են ստանում եւ այլն։ Իտալիայի մաֆիան այս բիզնեսի համեմատ կուսանոց է»,- ասում է սոցիոլոգը, որն ուսումնասիրել է ոլորտը
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ 2018-ից սկսած Հայաստանում խաղադրույքների չափը բազմապատկվել է, սոցիոլոգն ասում է, որ այն ժամանակ պարզապես ընկերությունների գործունեությունը ստվերից հանելու եւ հարկային դաշտ բերելու խնդիր էր դրվել, հակառակ պարագայում նրանց կզրկեին լիցենզիայից։
Պետեկամուտների կոմիտեն մեզ տրամադրել է նաեւ խաղատան եւ ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման համար լիցենզիա ստացած ընկերությունների ցանկը, դրանք տասն են՝ «Օնիրա քլաբ», «Սոֆթ կոնստրակտ», «Դիջիթեյն», «Կաբարակո», «Գուդ սոֆթ», «Ռոյալ սիգնաչո», «Ռեալ գեյմս», «Պոլիմեր պլյուս», «Կոբալտ գրուպ» եւ «Ագա-Մ»։
Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։