ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ, միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում նշված գործով լսումների ժամանակ հայտնել է, որ նախքան Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով վճիռը հրապարակելը Հայաստանը խնդրում է Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոցներ կիրառել։
«Ըստ այդմ խնդրում ենք պարտավորեցնել, որ Ադրբեջանը դադարեցնի այնպիսի «բողոքներ» կազմակերպելն ու դրանց օժանդակելը, որոնք խաթարում են Լաչինի միջանցքով տեղաշարժը։ Բացի դրանից, Ադրբեջանին պարտավորեցնել, որ երաշխավորի Լաչինի միջանցքով անխափան ու ազատ տեղաշարժն անձանց, տրանսպորտային միջոցների եւ բեռների համար»,- նշել է Կիրակոսյանը։
Նա նաեւ ՄԱԿ-ի միջազգային դատարանին խնդրել է Ադրբեջանին պարտավորեցնել, որ անմիջապես ու լիովին վերականգնի գազատարի աշխատանքը, ինչպես նաեւ ձեռնպահ մնա բնական գազի մատակարարմանն ու այլ հանրային ծառայությունների մատուցմանը խոչընդոտելուց։