Դիզելային վառելիքը ներկայում, քանի դեռ աշխարհը չի թեւակոխել ոչ ածխաջրածնային էներգառեսուրսների օգտագործման ժամանակաշրջանը, առանց չափազանցելու կարելի է անվանել ցանկացած զարգացած մեծ կամ փոքր տնտեսության գործունեության հիմքը։
Դիզելային վառելիքն ապահովում է գյուղատնտեսության, տրանսպորտի, արդյունաբերության, շինարարության եւ էներգետիկայի կայուն զարգացումը։ Ըստ Mignews.com-ի՝ ընթացիկ տարվա սկզբին դիզելային վառելիքի համաշխարհային պաշարները մոտ են բազմամյա նվազագույն ցուցանիշին։ Միացյալ Նահանգներում առկա դիզելային վառելիքի պաշարները 28 միլիոն բարելով քիչ են վերջին տասը տարիների սեզոնային ցուցանիշից եւ, 1990 թվականից սկսած, ամենացածր մակարդակի վրա են։ Եվրոպայում առկա դիզվառելիքի պաշարները 41 միլիոն բարելով են քիչ վերջին տասը տարիների սեզոնային ցուցանիշից եւ 2007 թվականից ի վեր ամենացածր մակարդակի վրա են։ Իրավիճակը լարված է նաեւ Ասիայի շուկաներում։
Սինգապուրում առկա դիզվառելիքի պաշարը 2,5 միլիոն բարելով քիչ է վերջին տասը տարվա միջին ցուցանիշից։ Վերջին մեկ դարի համար առկա պաշարները ամենացածր մակարդակի վրա են։ Իրավիճակը հնարավոր է եղել փոքր-ինչ մեղմել Չինաստանից դիզվառելիքի արտահանման վերականգնման շնորհիվ։ Սակայն Չինաստանում տնտեսության եւ ավիափոխադրումների ծավալների վերականգնումը կարող է ավելացնել ներքին պահանջարկը, ինչը կհանգեցնի արտաքին պահանջարկի ծածկման ծավալների նվազմանը։
Մասնագետները հատկապես անհանգստացած են, որ մեկ շաբաթից ուժի մեջ են մտնելու ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի կողմից սահմանված հակառուսական նոր պատժամիջոցները, եւ սկսվելու են քննարկումները, թե որքան սահմանվի դիզվառելիքի համար գնային վերին շեմը։ «Մեծ Յոթնյակում» մեկ բարելի դիմաց առաջարկում են 100-110 դոլար, ԵՄ-ում՝ 100 դոլար։
Համեմատության համար նշենք, որ ուրբաթ ICE լոնդոնյան բորսայում դիզվառելիքի ֆյուչերսները մեկ բարելի դիմաց արժեցել են 125 դոլար։ Այս ամենից զատ կարեւոր է նաեւ Ուկրաինայի համար դիզվառելիքի ապահովման հարցը, քանի որ առջեւում գարուն է, եւ սկսվելու են գյուղատնտեսական աշխատանքները, իսկ Ուկրաինայում որքան հնարավոր է շատ տարածքներում պետք է ցանքսեր կատարվեն: Դիզվառելիքը ռուսական զինուժի կողմից ուկրաինական էներգետիկ ենթակառուցվածքների ոչնչացման համատեքստում առանձնակի կարեւորություն է ձեռք բերում որպես գեներատորների աշխատանքի հիմնական վառելիք, եւ վերջապես Leopard տանկերը, որոնք պետք է ապահովեն ուկրաինական բանակի հաջողությունները ռազմաճակատում, եւս աշխատում են դիզվառելիքով։