2019-ին ներդրված «Անպտղության հաղթահարման» պետական ծրագրից նախկինում կարող էր օգտվել շահառումների փոքր խումբ, առաջնահերթությունը տրվում էր զինծառայողների, զոհված զինծառայողների ընտանիքներին, սահմանամերձ բնակավայրերում ապրող քաղաքացիներին։
Հայաստանում անպտղության ցուցանիշը 16,8% է, որը բարձր է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) սահմանային ցուցանիշից։ Սա նոր մարտահրավեր է դարձել։ Եվ այս մտահոգիչ ցուցանիշի հաղթահարման նպատակով Կառավարության հունվարի 5-ի որոշմամբ անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով տրամադրվող բժշկական օգնությունից եւ սպասարկումից օգտվելու իրավունք ունեցող շահառուների խմբերն ավելացել են։
Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար Վարդանուշ Գրիգորյանը «Ալիք Մեդիայի» հետ զրույցում նշում է՝ «Անպտղության հաղթահարման» ծրագրի իրագործման համար 2023 թվականին պետությունը հատկացրել է 917,9 մլն դրամ։
2023 թվականի հունվարի 6-ից ուժի մեջ մտած որոշման համաձայն՝ ծրագրից կարող են օգտվել հետեւյալ խմբերի շահառուները.
1) 20-35 (ներառյալ) տարեկան ՀՀ քաղաքացի, 2 տարի եւ ավելի անպտղություն ունեցող անզավակ կանայք, որոնց կտրամադրվի ամբողջական փաթեթ` ներարգանդային սերմնավորման փորձեր, արտամարմնային բեղմնավորման երկու փորձ, որից երկրորդը` պետության կողմից 50% մասնակցությամբ:
2) 36-42 (ներառյալ) տարեկան ՀՀ քաղաքացի անզավակ կանայք, որոնց կտրվի ներարգանդային սերմնավորման փորձերի հնարավորություն։
3) Սահմանամերձ բնակավայրերի 1 երեխա ունեցող` ՀՀ քաղաքացի, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ամուսնությունը գրանցած, 2 տարի եւ ավելի երկրորդային անպտղություն ունեցող զույգերը, որոնցից կինը 20-35 (ներառյալ) տարիքային խմբում է. նրանց կտրամադրվի ներարգանդային սերմնավորման փորձերի եւ արտամարմնային բեղմնավորման 1 փորձի հնարավորություն:
4) Զինվորական ծառայության ընթացքում կամ զինվորական ծառայության ավարտից հետո զինվորական ծառայության հետ պատճառական կապով զոհված (մահացած) որդու` ՀՀ քաղաքացի ծնողները, ընդ որում՝ կնոջ տարիքը սահմանվում է մինչեւ 42 տարեկանը։
Պետությունը պետական պատվերի շրջանակում հոգալու է նաեւ չամուսնացած, բայց երեխա ունենալ ցանկացող կանանց արհեստական բեղմնավորման եւ այլ օժանդակ բուժծառայությունների ծախսերը։
Այս հարցին Կառավարության նիստի ընթացքում անդրադարձավ նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը շեշտեց՝ հարցն էթիկական կողմեր ունի։ Եթե այս ծրագրից ուզում է օգտվել չամուսնացած կինը, պետությունը նրան չի մերժի, քանի որ հնարավոր է՝ նա նախկինում ամուսնացած է եղել եւ ամուսնալուծվել է հենց անպտղության պատճառով.
«Հաջորդ խնդիրը․ եթե կինն ընդհանրապես ամուսնացած չի եղել եւ ուզում է այս ծրագրից օգտվել․ արդյո՞ք մենք նրանց պետք է մերժենք։ Գալիս, բախվում ենք մի իրավիճակի, որ չամուսնացած կինը հղիության դեպքում կարող է պետպատվերից օգտվել։ Մենք այդ պարագայում նրան, բնականաբար, չենք մերժում, եւ տրամաբանական էլ չէր լինի, որ մերժեինք։ Այս ծրագրի շրջանակում էլ անտրամաբանական կլիներ, որ մենք այդպիսի արգելքներ ստեղծեինք։ Մենք այս ծրագիրը գործարկում ենք որպես նախկինում գոյություն ունեցած ծրագրերի շարունակություն, այսինքն՝ ինչ տրամաբանությամբ նախկինում գոյություն ունեցած ծրագրերը գործել են, այս ծրագիրն էլ իր բովանդակությամբ կմիանա նախորդներին»։
Հոգեբան Արփինե Դավթյանն, անդրադառնալով այս հարցին, ասում է՝ պետք է նայել մեդալի երկու կողմերին։ Մի կողմից՝ բոլոր կանայք էլ մայրանալու իրավունք ունեն, այդ թվում չամուսնացածները, քանի որ շատ կանայք ամուսնալուծվել են հենց երեխա չունենալու պատճառով, եւ նրա՛նք էլ մայրության բերկրանքը վայելելու իրավունք ունեն։ Մեդալի մյուս կողմում, ըստ հոգեբանի, այլ խնդիրներ կան։
«Իմ այցելուներից մեկը մի քանի տարի առաջ արտերկրում էր արհեստական բեղմնավորման միջոցով երեխա ունեցել, հետո երեխայի հետ տեղափոխվել էր Հայաստան։ Նրա երեխան հոգեբանական խնդիրներ ուներ։ Փոքրիկին իր միջավայրում ծաղրել էին՝ ասելով՝ դու հայրիկ չունես, ով իմանա, գուցե քեզ գնել են։ Եթե արտասահմանյան շատ երկրներում, օրինակ՝ Եվրոպայում, չամուսնացած կանանց՝ երեխաներ ունենալը սովորական է ընկալվում, ապա մեր երկրում հասարակությունն այդ երեւույթը միանշանակ չի ընկալում»,- ասում է հոգեբանը։
Նա ընդգծում է՝ ոչ լիարժեք ընտանիքում ծնված երեխան հոգեբանական խնդիրներ է ունենում։ Որոշ երեխաներ մեծ դժվարությամբ են հաղթահարում դրանք։ Այնպես որ այդ քայլին գնացող կինը պետք է պատրաստ լինի սրան։
Արփինե Դավթյանն ասում է՝ ստացվում է՝ այս ծրագրից կարող են օգտվել նաեւ միասեռականները․ հասարակությունը բացասաբար կվերաբերվի նաեւ այդպիսի ընտանիքներում մեծացող երեխաներին։
Հոգեբանն իր մասնագիտական պրակտիկայի ընթացքում արձանագրել է՝ կանայք կան, որ լավ են վաստակում, կայուն եկամուտ ունեն եւ չեն ուզում ամուսնանալ, ընտանիքում որպես կին որոշակի պարտականություններ ունենալ։ Հավանական է, որ նրանք եւս կնախընտրեն պետական պատվերի շրջանակում արհեստական բեղմնավորման եւ այլ օժանդակ բուժծառայություններից օգտվել ու երեխա ունենալ, մինչդեռ հետո այդ երեխաները հոգեբանական խնդիրներ են ունենալու՝ տեսնելով, որ մյուս երեխաները նաեւ հայր ունեն, իսկ ինքը՝ ոչ։
«Որոշ կանայք էլ միայնակ չմնալու համար կարող են երեխա ունենալ, որպեսզի երեխան հետագայում իրենց պահի։ Կարծում եմ՝ ճիշտ կլիներ, եթե պետությունը մինչեւ պետական պատվերի շրջանակում չամուսնացած կնոջ արհեստական բեղմնավորման եւ այլ օժանդակ բուժծառայությունների ծախսերը հոգալը նախ ուսումնասիրեր, թե տվյալ կինն ինչպես է ապրում, ինչ կարող է այդ երեխային տալ։ Պետք է մտածել ոչ միայն կնոջ, այլեւ դեռ չծնված երեխայի մասին։ Շատ կարեւոր է, որ ապագայում ծնվող երեխան ապրի առողջ միջավայրում»,- ասում է հոգեբանը։
Հոգեբան Աննա Բադալյանն էլ նշում է՝ մեր երկրում կանայք թվով գերազանցում են տղամարդկանց, եւ շատ կանայք չեն կարողանում ընտանիք կազմել։ Ըստ հոգեբանի՝ եթե չամուսնացած կինը հոգեբանորեն պատրաստ է դիմելու այս ծրագրին, ապա դա ողջունելի է, քանի որ նա ունիվերսալ ծնողի՝ ե՛ւ հոր, ե՛ւ մոր պարտականությունն է ստանձնում։
«Երեխան իր հասունության, հոգեբանական աճի տարբեր փուլերում աստիճանաբար ընկալում է ծնողի կերպարը։ Հոր կերպարը երեխայի համար հոգեբանական նեցուկ է, նրա միջոցով երեխայի մեջ որոշակի բնավորություն է ձեւավորվում։ Բնականաբար այս փուլը միայնակ մոր ընտանիքում մեծացող երեխայի դեպքում չի լինի, եւ դրա հետեւանքով այդ երեխայի մեջ կարող է ձեւավորվել տղամարդու էտալոնային կերպար։ Եթե այդ ընտանիքում կա հարազատ (օրինակ՝ պապիկ, քեռի), նա երեխայի մեջ կարող է այդ տղամարդու կերպարը ձեւավորել»,- ասում է Աննա Բադալյանը։
Հոգեբանը համաձայն չէ այն կարծիքին, թե ծրագրի գործելու դեպքում կանայք, հասկանալով, որ կարող են երեխա ունենալ նաեւ չամուսնանալով, ընտանիք չեն կազմի։
«Զույգ կազմելը բնության օրենք է։ Կենդանական եւ բուսական աշխարհում եւս այս երեւույթը շատ կարեւոր է։ Մարդու կյանքում էլ է այդպես. երկու անձ մեկ ամբողջություն են դառնում, նրանք միմյանց նեցուկ են լինում։ Չպետք է կարծել, թե այս ծրագրի գործելը կարող է հանգեցնել նրան, որ կանայք չցանկանան ընտանիք կազմել։ Ուժ եւ զորություն այն կանանց, որոնք գիտակցաբար ստանձնելու են ունիվերսալ ծնող դառնալու պարտականությունը»,- ասում է Աննա Բադալյանը։
«Անպտղության հաղթահարման» ծրագրին դիմելու համար շահառուն կարող է ընտրել պետպատվեր ունեցող հինգ բուժհաստատություններից մեկը, որտեղ համապատասխան հանձնաժողովը նախ կգնահատի քաղաքացու կարիքները:
Անպտղության հաղթահարման ծրագրին մասնակցում են «Շենգավիթ», «Աստղիկ» բժշկական կենտրոնները, «Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական ինստիտուտը» («Մարգարյան հիվանդանոց»), «Ֆերթիլիթի» պտղաբերության կենտրոնը, Հանրապետական ծննդատունը:
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։