Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) 2023 թվականի համար համաշխարհային տնտեսության վիճակի բարելավում է կանխատեսում։ Մասնավորապես, գլոբալ ՀՆԱ-ի աճի տեմպն ընթացիկ տարում կավելանա՝ հասնելով 2,9 տոկոսի։ Դա 0,2 տոկոսով ավելի է, քան կանխատեսվել էր անցյալ տարվա հոկտեմբերին։ 2024 թվականի համար համաշխարհային տնտեսության աճը կլինի 3,1 տոկոս։ Չնայած լավատեսությանը՝ այս ցուցանիշները 2000-2019 թվականների միջին աճի ցուցանիշից՝ 3,8 տոկոս, զգալիորեն ցածր են։ ԱՄՀ-ում արձանագրել են, որ շատ երկրների տնտեսական վիճակի դինամիկան «դրական անակնկալներ է մատուցել» եւ «անսպասելի կայունություն» դրսեւորել։
Այսպես՝ Չինաստանի ՀՆԱ-ն ընթացիկ տարում կաճի 5,2 տոկոսով։ 2024-ին կանխատեսվում է 4,5 տոկոսանոց աճ։ Ըստ վերլուծաբանների՝ այս բավականին զգալի աճը նաեւ հետեւանք է ՉԺՀ իշխանությունների՝ «զրոյական հանդուրժողականություն կորոնավիրուսին» քաղաքականության։
Հնդկաստանի տնտեսությունն ընթացիկ տարում կաճի 6,1 տոկոսով, հաջորդ տարի՝ 6,8 տոկոսով։ Միացյալ Նահանգների տնտեսությունն ընթացիկ տարում կաճի 1,4 տոկոսով, հաջորդ տարի այդ ցուցանիշը կլինի 1 տոկոս։
Ռուսաստանում տնտեսության 2,3 տոկոսանոց անկման կանխատեսման փոխարեն կլինի 0,3 տոկոսանոց աճ, իսկ ահա 2024-ին աճը կարագանա եւ կլինի 2,1 տոկոս։
Գերմանիայի տնտեսությունը այս տարի կաճի 0,1 տոկոսով, իսկ 2024 թվականին՝ 1,4 տոկոսով։ Ֆրանսիայի, Իտալիայի եւ Իսպանիայի պարագաներում եւս կանխատեսումները դրական են։ Միայն Մեծ Բրիտանիան է, որ ընթացիկ տարում կարձանագրի տնտեսության 0,6 տոկոսանոց անկում, իսկ 2024 թվականին՝ 0,6 տոկոսանոց աճ։