Էկոնոմիկայի նախարարությունում առաջարկել են արգելել Հայաստանում արտադրվող ու ներկրվող ապրանքներում E128 սննդային հավելման կիրառումը։ Որոշման նախագիծը հանրային քննարկման է դրվել մինչեւ փետրվարի 14-ը։ Իրավական ուժ կստանա ընդունվելուց 10 օր անց։ Նախագծի ընդունմամբ ՀՀ տարածքում կարգելվեն E128 սննդային հավելման ներմուծումը, օգտագործումը եւ այդ հավելումը պարունակող ապրանքների վաճառքը, քանի որ այն վտանգավոր է մարդու առողջությանը՝ քաղցկեղածին է, ազդում է նյարդային համակարգի վրա, առաջացնում է շարժողականության, հիշողության խանգարումներ, ընդհանուր թուլություն։
Վտանգավոր այս հավելումը կարմիր ներկանյութ է, հայտնի է նաեւ «կարմիր 2G» անունով։ Ներկանյութի վտանգավոր հետեւանքները բացահայտվել են դեռ տարիներ առաջ` Սննդամթերքի ստանդարտների եվրոպական գործակալության (EFSA) ուսումնասիրությունների ընթացքում։ Դրանից հետո՝ 2007-ին, եվրոպական հանձնաժողովը սննդի մեջ E128-ի օգտագործումն արգելեց։ Նույն թվականին այն արգելվեց նաեւ ՌԴ-ում։ Մինչդեռ Հայաստանում Е128-ը դեռ շարունակում է անարգել ներկրվել ու կիրառվել սննդի, մասնավորապես` մսամթերքի արտադրության մեջ։ Կարմիր ներկանյութը հիմնականում կիրառում են երշիկներին ու նրբերշիկներին ապրանքային տեսք հաղորդելու, դրանք վառ կարմիր ներկելու համար։
Հայաստանում արգելված Е հավելումներն ընդամենը 7-ն են։ Դրանցից 2-ը նույնպես կարմիրի տարբեր երանգների քաղցկեղածին ներկանյութեր են, 3-ը` պահածոյացնող նյութեր` բենզոնատներ եւ ֆորմալդեհիդ, 2-ը ալյուրի եւ հացի որակի բարելավիչներ` կալցիումի բրոմատներ են։ Ըստ «Սպուտնիկ Արմենիա»-ի՝ այս ցանկը հաստատվել է դեռեւս 2007-ին ու դրանից հետո չի փոխվել։ Արգելված հավելումների ցանկից բացի՝ Կառավարությունը 2011-ին հաստատել է նաեւ Հայաստանում թույլատրելի սննդային 327 հավելումների ցանկը։ Նույն որոշմամբ սահմանվել են նաեւ դրանց մակնշման, պահման տեխնիկական կանոնները։