ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքում լայնածավալ փոփոխություններ են նախատեսվում: Փոխնախարար Ռուբեն Սարգսյանը նշել է, որ առաջարկվում է վերանայել գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերը:
«Մասնավորապես, առաջարկվում է հանել կենսաթոշակային տարիքը լրանալու կապակցությամբ աշխատանքային պայմանագրի լուծման հիմքը: Սա եւս մեկ երաշխիք կլինի կենսաթոշակային տարիքի աշխատողների համար»,- նշել է Սարգսյանը:
Միաժամանակ կհստակեցվեն կենսաթոշակային տարիքի աշխատողների հետ աշխատանքային պայմանագիր կնքելու կարգավորումները: Ըստ գործող կարգավորումների՝ կենսաթոշակառուներին անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրով աշխատանքի ընդունելու հնարավորություն գործատուին տրված չէ: Նախագծով գործատուին կտրվի այդ իրավունքը։