100 տարի առաջ՝ 1922 թվականին՝ Իզմիրի աղետից մի քանի շաբաթ հետո, ֆրանսիական նավատորմի «Տուրվիլ» անունով նավը Ստամբուլի ափից վերցնում եւ Մարսել է տանում ցեղասպանությունից փրկված հայ գաղթականների առաջին մեծ խմբին: Մինչ այդ Մարսելում հայերի փոքր գաղութ կար, որ այնտեղ էր հասել 1895-ի ջարդերից հետո եւ հիմնականում զբաղվում էր առեւտրով: Նրանք էլ առաջինն օգնեցին նորեկ հայ գաղթականներին՝ հաստատվելու Մարսելում: Հետո Մարսել հասան հայ գաղթականների մյուս խմբերը:
Հարազատներին եւ տները կորցրած գրեթե կիսամերկ այդ մարդիկ սկզբում բնակվում էին ֆրանսիական էժան հյուրանոցներում, ստանում սնունդ, այնուհետեւ Ֆրանսիայում Հայաստանի առաջին հանրապետության (1918-1920) ներկայացուցիչ Տիգրան Միրզայանցը դիմում է ֆրանսիական կառավարությանը խնդրանքով, որ հայ գաղթականներին տեղավորեն զինվորական մի ճամբարում, որն Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո դատարկված էր:
Քեմփ Օդդո անունով այդ ճամբարն էլ դարձավ հայ գաղթականության առաջին կայանը Մարսելում, եւ նաեւ այդտեղից սկիզբ առավ մարսելահայ համայնքի հարուստ պատմությունը:
Մարսելում այդ տարիներին հայ գաղթականների ուրիշ փոքր ճամբարներ էլ են եղել, բայց ամենամեծը Քեմփ Օդդոն էր, որտեղ 1922-1927 թվականներին (ոչ միաժամանակ, տարբեր տարիների) բնակվել է 5244 հայ: Հայ գաղթականների ցուցակները կազմել են հենց իրենք, գաղթականներից քարտուղար են ընտրել իզմիրցի Ալեքսանդր Արաբաջյանին, որն ամենայն մանրամասնությամբ գրի է առել ճամբար մտնողների անուն-ազգանունները, տարիքը, տեղեկություններ նրանց ծննդավայրի, ճամբարում մնալու ժամանակահատվածի, զբաղմունքի, Օդդոյից դուրս գալուց հետո այլ տեղ գնալու, աշխատանք գտնելու մասին:
Մոտ մեկ դար այդ ցուցակները պահվել են Արաբաջյանի եղբոր թոռան մոտ, որն էլ, կարեւորելով պատմական փաստաթղթի նշանակությունը, տարիներ առաջ այն հանձնել է Մարսելի Հայկական հիշողության հետազոտման եւ արխիվացման կազմակերպությանը (ARAM): Կազմակերպությունը թվայնացրել է ճամբարում տարբեր տարիների ապրած հայերի ցուցակները եւ իր արխիվից ընտրել Քեմփ Օդդոյի մասին տարիների ընթացքում հավաքած լուսանկարներ, փաստաթղթեր, վավերագրեր ու Մարսելի մշակութային տանը կազմակերպել ցուցահանդես:
Քեմփ Օդդոյի 100-ամյակին նվիրված այդ ցուցահանդեսն իրականություն է դարձել ARAM-ի նվիրյալների` տնօրեն Աստրիդ Լուսիկյանի, կամավոր աշխատակիցներ Հուրի Վարժապետյանի, Մայտա Շավաքի եւ Կարին Կեոքչյանի շնորհիվ:
«Ալիք Մեդիա»-ն ARAM կազմակերպությունից տեղեկացավ, որ ցուցահանդեսն աննախադեպ հետաքրքրություն է առաջացրել ոչ միայն ֆրանսահայության, այլեւ ֆրանսիացիների շրջանում. շատերը, տեղյակ լինելով իրենց հայ ընկերների, բարեկամների գաղթական անցյալից, ցուցահանդես են այցելել՝ մոտիկից տեսնելու եւ լսելու անցյալ դարասկզբին իրենց ծննդավայրերում ամեն ինչ կորցրած եւ Ֆրանսիա հասած հայերի պատմության մանրամասները:
Ցուցահանդեսին զուգահեռ կազմակերպվել են նաեւ համաժողովներ, հանդիպումներ, քննարկումներ, տեսաֆիլմերի ցուցադրություններ, որոնց ընթացքում առավել պատկերավոր ներկայացվել է ջարդից, տեղահանությունից, հարազատների, ընտանիքի անդամների կորստից հետո բազմաթիվ հայերի ապրելու կամքը՝ օտար մի երկրում, որտեղ նրանք անգամ լեզու չգիտեին:
Քեմփ Օդդոյում հիմնվել է «Արարա» անունով հայկական դպրոցը, որտեղ գաղթականների երեխաներին հայերեն դասերից բացի նաեւ ֆրանսերեն էին սովորեցնում: Կարեւորելով կրթությունը՝ ճամբարի տնօրենությունը հրավիրել էր լավագույն ուսուցիչների, անգամ փոքրիկ աշխատանք ունեցող ծնողները չէին զլանում իրենց երեխաների ուսման համար վճարելուց:
Քեմփ Օդդոյի պատմությունը ներկայացնելով՝ ARAM միությունը կարեւորում է փոխօգնության այն գաղափարը, որ առաջին օրից գործել է թե՛ ճամբարականների, թե՛ Մարսելի հնաբնակ հայերի շրջանում, որոնք ամեն ինչ արել են, որ գաղթականները գտնեն իրենց տեղը, եւ պատահական չէ, որ հետագայում նրանց մեծ մասը հաջողության պատմություններ է ունեցել Մարսելում, ֆրանսիական այլ քաղաքներում, ԱՄՆ-ում, այլ երկրներում:
Ցուցահանդեսը կարեւորվում է նաեւ տարբեր վայրերից եկածների, տարբեր ճակատագրեր ունեցողների կյանքը մեկ վայրում կանոնակարգելու առումով, եւ դա, ըստ ցուցահանդեսի կազմակերպիչների, հնարավոր է դարձել Քեմփ Օդդոյի տնօրեն Թագվոր Խաչիկյանի, նրա շուրջը համախմբվածների եւ նաեւ մի մարդու՝ Ֆրանսիա հասած շուշեցի առեւտրական Սիմեոն Միրզայանցի որդի Տիգրան Միրզայանցի շնորհիվ։
Նա թեեւ այլեւս առաջին հանրապետության ներկայացուցիչը չէր Ֆրանսիայում, սակայն պետական համակարգում ունեցած իր կապերի շնորհիվ ամեն ինչ արել է՝ փախստականների հարցերը լուծելու համար:
Քեմփ Օդդոյում ապրելու տարիներին՝ 1922-1927 թվականներին, աշխատանք գտնելու, պետական կառույցների հետ առնչվելու առումով հայ գաղթականները բախվում էին փաստաթղթային խնդիրների, եւ նրանց օգնության էր հասնում հրավիրված հայ թարգմանիչը: Սկզբում նրանք ոչ մի փաստաթուղթ չունեին, հետագայում այդ մարդկանց տրվեց Նանսենյան անձնագիր, որի իրավասությունները շատ քիչ էին, իսկ ֆրանսիական հպատակություն այդ հայերը ստացել են շատ ավելի ուշ՝ 1950-ականներին:
Պահպանված տեղեկագրերը, պատմությունները վկայում են, որ Քեմփ Օդդո հասածները, ճամբարը համարելով ժամանակավոր հանգրվան, երկար ժամանակ հույս են ունեցել, որ անպայման վերադառնալու են իրենց ծննդավայրերը…
Ամենաշատ գաղթականները սեբաստացիներ էին, բայց կային նաեւ Կոնիայից, Յոզգաթից, Այնթափից, Վանից, Խարբերդից, Թոքաթից եւ Օսմանյան կայսրության այլ հայաբնակ վայրերից գնացածներ: Այդ մարդիկ, 1915-ին տեղահանվելով, երկար ժամանակ թափառել են անապատներում, ապաստան գտել մոտիկ այլ տեղերում, այդ ժամանակ էլ հույս ունեցել, որ վերադառնալու են իրենց տները: 1922-ի Իզմիրի անկումը վերջնականապես խորտակել է վերադառնալու հավանականությունը: Նաեւ թուրքական կառավարությունը որոշում էր ընդունել, որ հայերի լքած տներում ուրիշ մարդիկ բնակվեն։ Ահա ինչու նրանք Մարսել են հասել ոչ թե միանգամից 1915-ին, այլ 1922-ից սկսած, երբ կորցրել են տուն դառնալու բոլոր հույսերը:
Ցուցահանդեսում ներկայացված են նաեւ 1920-ականների ֆրանսիական մամուլի արձագանքները Քեմփ Օդդոյի մասին: Հոդվածները հիմնականում դրական են, բայց եղել են նաեւ քննադատական նյութեր: Հայտնի է հատկապես Մարսելի՝ այդ տարիների քաղաքապետի նամակը հայ գաղթականության դեմ: Քաղաքապետը վախ ուներ, որ օտար վայրերից եկած անծանոթները կարող են հիվանդություններ եւ այլ ախտեր տարածել, հարիր չլինել ֆրանսիական երկրին, ուստի նա կոչ է արել այդ մարդկանց կրկին նետելու ծովը, որտեղով որ եկել են։
Սակայն հայ գաղթականները ամեն կերպ ապացուցել են հյուրընկալ երկրի օրենքներին ենթարկվելու իրենց կամքը, տեղեկագրեր են հրատարակել, որոնցում մանրամասն նկարագրել են իրենց կյանքը, կազմակերպվածությունը, ճամբարում տիրող կարգերը: Քեմփ Օդդոյի տնօրենությունը բժիշկների է հրավիրել. առողջական հարցերը հսկողության տակ էին, ճամբարում դեղատուն էր բացվել, որտեղից նրանք անվճար դեղեր էին ստանում:
Իսկ ահա ճամբարի «Արարա» դպրոցի դպրոցականներն ու մանկապարտեզի սաները երկար փորձերից հետո մի հանդես են կազմակերպել եւ այն ներկայացրել Մարսելում: Պահպանվել է հանդեսի ազդագիրը, որում կարդում ենք, որ հայ մանուկները հանրության առջեւ արտասանել են, թատերախաղ ներկայացրել, խմբերգեր եւ ուրախ երգեր երգել:
Հանդեսին ներկա են եղել ֆրանսիացի պաշտոնյաներ, տեղական մամուլը լուսաբանել է այն եւ գնահատել հայ աշակերտների փայլուն ելույթը: Դպրոցի շենքը կիրակի օրերին ծառայել է իբրեւ մատուռ, այնտեղ են հավաքվել կրոնական արարողությունների համար, ճամբարում հարսանիքներ են եղել, ծնվել են երեխաներ, մկրտվել։ Ճամբարի հասարակական կյանքը սովորաբար կազմակերպվել է հայրենակցական միությունների միջոցով: Այստեղ են կազմվել հետագայում Մարսելում նշանակալի գործունեություն ծավալած հայկական հայրենակցական միությունները:
Ճամբարում պայմանները բնականաբար ժամանակավոր էին, տնակներն արագ հավաքվող զինվորական բարաքներ էին, որոնց ներսը բաժանված էր սավաններով, եւ հայերն այնտեղից դուրս գալու ելքեր էին փնտրում, մյուս կողմից էլ ֆրանսիական կառավարությունը հակված չէր երկար պահելու ի սկզբանե ժամանակավորի կարգավիճակով տրված կայանը, եւ 1927 թվականին փակվում է Քեմփ Օդդոն՝ դառնալով պատմություն:
Հետագայում այդտեղ դրվում է փոքր մի հուշաքար, որ հաստատում է հինգ տարվա հայկական ճամբարական կյանքի հետքերը Օդդո անունով պողոտային կից, եւ ֆրանսիացի մի բժշկի ազգանունը կրող այդ պողոտայի անունով էլ կոչվել է Մարսելի հայության փրկարար կայանը:
Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։