ԵՄ արտաքին եւ անվտանգության քաղաքականության հարցերի բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը, պատասխանելով Եվրախորհրդարանի պատգամավոր Ասիտա Կանկոյի պաշտոնական հարցմանը, հայտարարել է, որ Եվրամիությունը Լաչինի միջանցքի շուրջը ստեղծված իրավիճակի առնչությամբ պատժամիջոցների մեխանիզմ չի դիտարկում։
Բորելը շեշտել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի հետ ԵՄ-ի ջանքերը կենտրոնացած են երկխոսության միջոցով լուծումների հասնելու վրա, եւ երկու երկրների ղեկավարներն էլ հայտնել են, որ հանձնառու են դրա իրականացմանը։ Ըստ հանձնակատարի` 2022-ի դեկտեմբերի սկզբից Եվրամիությունն ուշիուշով հետեւում է Լաչինի միջանցքի երկայնքով եւ դրա շուրջը տեղի ունեցող իրադարձություններին ու դրանց մարդասիրական հետեւանքներին։ «ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է արել իր իրավասության սահմաններում միջոցներ ձեռնարկելու միջանցքով տեղաշարժվելու ազատությունն ու անվտանգությունն ապահովելու համար՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից բխող իր պարտավորությունների»,- նշված է փաստաթղթում:
Փաստաթղթում նշվում է նաեւ, որ ԵՄ բարձր հանձնակատարն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը սերտ կապի մեջ են երկու կողմերի հետ։
Բորելն անդրադարձել է նաեւ 2022-ին Հայաստանում երկու ամսով ԵՄ առաքելության տեղակայմանը եւ այժմ ԵՄ քաղաքացիական նոր առաքելության տեղակայմանը։ Ըստ փաստաթղթի՝ առաքելության նպատակն է նպաստել ՀՀ սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղերում վստահության ամրապնդմանը եւ պայմաններ ապահովել, որոնք կնպաստեն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին, որոնց աջակցում է ԵՄ-ն: