«Ադրբեջանը, ինչպես Ռուսաստանը, բռնապետություն է, որտեղ նախագահ Իլհամ Ալիեւը կառավարում է երկաթյա բռունցքով։ Ըստ Freedom House-ի՝ ալիեւյան Ադրբեջանն ավելի պակաս ազատ է, քան պուտինյան Ռուսաստանը։ Եվ եթե նախկինում Ադրբեջանը Արեւմուտքին ներկայանում էր որպես պուտինիզմի հակառակորդի, այսօր արդեն շահույթներ է ստանում պուտինյան Ռուսաստանից, ասես ակնարկներ ընդունում Պուտինից եւ անցնում ՌԴ-ի կողմը»,- գրում է «1945» կայքի հեղինակ-խմբագիր Մայքլ Ռուբինը։
Պուտինի համար ուկրաինացի ժողովուրդը չի տարբերվում ռուսներից, որի մասին նա Ուկրաինա ներխուժումից առաջ ծավալուն հոդված էր հրապարակել։ Ալիեւը խոսում է միասնական Ադրբեջանի մասին, որը բաղկացած է լինելու ժամանակակից Ադրբեջանի Հանրապետության տարածքից, Լեռնային Ղարաբաղից, Հայաստանից եւ Իրանի հյուսիսարեւմտյան շրջաններից։
Նա նույնիսկ հորինել է «Արեւմտյան Ադրբեջան» եւ «Հարավային Ադրբեջան» եզրույթները։ Իր տեսակետները զարգացնելիս Ադրբեջանի ղեկավարը նույնիսկ հղում է անում Պուտինի վերլուծություններին, ինչի մասին կարելի է համոզվել Ալիեւի 2022 թվականի դեկտեմբերի 24-ի ելույթից։ Թե՛ Պուտինը, թե՛ Ալիեւը իրենց ռեւիզիոնիստական գաղափարները սոսկ հռետորաբանությունից տեղափոխել են դոկտրինալ դաշտ։ Ալիեւը ցանկանում է «թարմացնել պատմության գրքերը», հովանավորել «Արեւմտյան Ադրբեջանին նվիրված գիտաժողով», որն անցկացվելու է տարին մեկ կամ երկու տարին մեկ՝ ներգրավելով «բարեկամ գիտնականների»։ Միով բանիվ Ալիեւը քարոզչության համար ցանկանում է ակադեմիական պատուհաններ գտնել։ Դա, ըստ էության, նույնն է, ինչ արեց Ռուսաստանի նախագահը «Վալդայ» քննարկման ակումբի հետ։
Ինչ է ասում պատմությունը
Ալիեւի ռեւիզիոնիզմը դուրս է գալիս միտումնավոր ընտրովի քարտեզների եւ փաստաթղթերի շրջանակներից: Ադրբեջանի կողմից վճարվող հետազոտողները եւ վստահված անձինք, մի կողմ թողնելով բոլոր իրեղեն ապացույցները, պնդում են, որ հայկական քրիստոնեությունը արմատներ չունի Լեռնային Ղարաբաղում, իսկ վաղ անցյալի պատմական բոլոր արտեֆակտները նրանց համար կա՛մ խարդախություններ են, կա՛մ անհետացած կովկասյան ալբանական մշակույթի մասունքներ:
Ինչ-որ առումով Ալիեւը նույնիսկ ավելի հեռուն է գնում, քան Պուտինը՝ պայթեցնելով եւ բուլդոզերների տակ ոչնչացնելով ցանկացած իրեղեն ապացույց, որը հակասում է հայկական ներկայության ոչ լեգիտիմության մասին իր կեղծ տեսությանը այն շրջաններում, որոնք նա այժմ համարում է ադրբեջանական:
Ե՛վ Պուտինը, ե՛ւ Ալիեւը իրենց հրապարակախոսության մեջ սպառնում են. մեկը՝ Ուկրաինային, մյուսը՝ Հայաստանին։
Մոտեցող պատերազմների նշանները
Ալիեւը նաեւ հետեւում է պատերազմն արդարացնելու Պուտինի մեթոդներին: 2014 թվականից հետո արեւմտյան դիվանագետները հույս ունեին, որ Ղրիմի, Դոնեցկի եւ Լուգանսկի նվաճումը կհագեցնի Պուտինի ռեւանշիստական ախորժակը: Նույն կերպ արեւմտյան շատ դիվանագետներ կարծում են, որ Ալիեւը կանգ է առնելու Լեռնային Ղարաբաղում։ Նրա ելույթներն ու Պուտինի ռազմավարության ընդունումը հուշում են, որ սա մոլորություն է:
Ավելին՝ նա արդեն ադրբեջանական ուժեր է ուղարկել Հայաստան, եւ նրա վերջին ելույթը հերթական հարձակումն է կանխատեսում: «Եկեք միասին աշխատենք Արեւմտյան Ադրբեջան վերադառնալու ուղղությամբ»,- ասել է նա։ «Հիմա, երբ ղարաբաղյան հակամարտությունը լուծված է, սա մեր օրակարգային հարցն է։ Իհարկե, վաղաժամ էր այդ մասին խոսել մինչեւ ղարաբաղյան հակամարտությունը լուծելը։ Բայց մենք հիմա չպետք է ժամանակ կորցնենք»։
Պատմությունը միշտ չէ, որ կրկնվում է, բայց օրինաչափություններ են առաջանում: Ուկրաինական ճգնաժամը սկսվեց ոչ թե ռուսական տանկերի՝ երկիր ներթափանցմամբ, այլ ամիսներ առաջ, երբ Պուտինը սկսեց ներկայացնել իր ագրեսիայի ինտելեկտուալ եւ դիվանագիտական հիմնավորումները: Արեւմուտքը դա չլսեց ժամանակին, բայց Ալիեւը լսեց: Այսօր հարցն այն է, թե արդյոք Սպիտակ տունը, Պետդեպարտամենտը եւ Եվրամիությունը կկրկնեն նույն սխալները, թե նրանք կհասկանան Ալիեւի նպատակը, քանի դեռ այն չափազանց ակնհայտ չի դարձել։
Պատրաստեցին Կարինե Դավոյանը եւ Արման Գրիգորյանը