«Թրանսփարենսի ինթերնեշնլը» հրապարակել է կոռուպցիայի ընկալման 2022-ի համաթիվը: Այն ցույց է տալիս, որ կոռուպցիան շարունակում է մոլեգնել Արեւելյան Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում, ընդ որում՝ տարածաշրջանի շատ երկրների համաթվերի արժեքները գրանցել են իրենց պատմական նվազագույնը։
Հայաստանի կոռուպցիայի ընկալման համաթվի (ԿԸՀ) արժեքը 2022-ին հավասար է 46-ի՝ 3 միավորով պակաս նախորդ երկու տարիների արժեքից։ 2022-ին Հայաստանի ԿԸՀ չափման ստանդարտ սխալի չափը հավասար է 2.47-ի (2021-ին 3.76 էր): «Թրանսփարենսի ինթերնեշնլի» վերլուծության մեջ նշված է, որ մի քանի տարի առաջընթաց գրանցելուց հետո 2022-ին Հայաստանի ԿԸՀ-ն երեք միավորով նվազել է, ինչն անհանգստացնող է։ Թեեւ այս նահանջը վիճակագրորեն նշանակալի չէ, այն արտացոլում է զսպումների եւ հակակշիռների պահպանման, իրավապահ մարմինների բարեվարքության, դատական համակարգի անկախության ապահովման եւ քաղաքացիական տարածքի պաշտպանության հարցերում առկա հետընթացը։
Հայաստանի, Մոլդովայի եւ Ուզբեկստանի ընդհանրությունը
Կազմակերպությունը նշել է, որ Վրաստանը (56 միավոր), Հայաստանը (46 միավոր) եւ Չեռնոգորիան (45 միավոր) առաջատարներն են եւ տարածաշրջանի միակ երկրները, որոնց համաթվերի արժեքները բարձր են համաշխարհային միջինից, որը հավասար է 43-ի։ Տարածաշրջանի հետնապահներն են Թուրքմենստանը (19 միավոր), Ադրբեջանը (23 միավոր) եւ Տաջիկստանը (24 միավոր)։ Ռուսաստանի ԿԸՀ-ն 28 միավոր է, Ուկրաինայինը՝ 33 միավոր, Ղազախստանինը՝ 36 միավոր: Սերբիայի (36 միավոր), Թուրքիայի (36 միավոր), Բոսնիա եւ Հերցեգովինայի (34 միավոր) եւ Ադրբեջանի (23 միավոր) ԿԸՀ արժեքները 2022-ին իրենց պատմական նվազագույններն են։ 2017-ի համեմատ իրենց ԿԸՀ արժեքները նշանակալիորեն բարելավել են Հայաստանը (46 միավոր), Մոլդովան (39 միավոր) եւ Ուզբեկստանը (31 միավոր)։
Մարդիկ կարող են պահանջել ավելի ապահով աշխարհ
ԿԸՀ 2022-ի դասակարգումն ընդգրկում է 180 պետություն եւ տարածք՝ ըստ հանրային ոլորտում 0-ից (բացարձակապես կոռումպացված) 100 (բացարձակապես մաքուր) սանդղակով չափված կոռուպցիայի մակարդակների նրանց ընկալման։ Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ԿԸՀ միջին արժեքը 2022-ին նվազել է մեկ միավորով եւ հավասարվել է 35-ի։
«Թրանսփարենսի ինթրնեշնլը» կառավարություններին կոչ է արել առաջնահերթ դարձնելու հակակոռուպցիոն պարտավորությունները, ուժեղացնելու հակակշիռները, պաշտպանելու տեղեկատվության իրավունքը եւ սահմանափակելու մասնավոր շահերի ազդեցությունը՝ աշխարհը կոռուպցիայից եւ դրանից առաջ եկող բռնությունից վերջնականապես ազատելու համար։ «Լավ լուրն այն է, որ առաջնորդները կարող են միաժամանակ պայքարել կոռուպցիայի դեմ եւ նպաստել խաղաղությանը։ Կառավարությունները պետք է ավելի բաց լինեն՝ ներառելու որոշումների կայացման մեջ հանրությանը՝ սկսած ակտիվիստներից եւ գործարարներից մինչեւ մարգինալացված խմբերը եւ երիտասարդներին։ Ժողովրդավարական հասարակություններում մարդիկ կարող են բարձրացնել իրենց ձայները՝ արմատախիլ անելու համար կոռուպցիան եւ պահանջելու ավելի ապահով աշխարհ բոլորիս համար»,- նշել է «Թրանսփարենսի Ինթրնեշնլի» գործադիր տնօրեն Դանիել Էրիկսոնը:
Հնարավորինս կուռ եւ համահունչ ներքին տրամաբանություն
Կոռուպցիայի ընկալման համաթիվը, 1995 թվականի իր առաջին հրապարակումից սկսած, դարձել է հանրային ոլորտում կոռուպցիայի վերաբերյալ համաշխարհային առաջատար ցուցիչը: 2021-ի համաթիվը գնահատել է աշխարհի 180 երկրները եւ տարածքները՝ պայմանավորված հանրային ոլորտում կոռուպցիայի ընկալմամբ եւ օգտագործելով տվյալներ 13 արտաքին աղբյուրներից, որոնց թվում՝ Համաշխարհային բանկը, Համաշխարհային տնտեսական ֆորումը, ռիսկեր գնահատող եւ խորհրդատվական մասնավոր ընկերությունները, հետազոտական կենտրոնները եւ այլն։ Գնահատականներն արտացոլում են փորձագետների եւ գործարարների ընկալումները։
ԿԸՀ-ի հաշվարկման գործընթացը կանոնավորապես վերանայվում է համոզվելու համար, որ այն ունի հնարավորինս կուռ եւ համահունչ ներքին տրամաբանություն։ Վերջին անգամ՝ 2017-ին, գործընթացը վերանայել է Եվրոպական հանձնաժողովի համատեղ հետազոտական կենտրոնը: 2012-ից սկսած՝ ԿԸՀ յուրաքանչյուր տարվա գնահատականները համեմատելի են այլ տարիների գնահատականների հետ։