ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել 2023-2024 ուսումնական տարվա համար բակալավրի ու անընդհատ եւ ինտեգրացված կրթական ծրագրերով բարձրագույն ուսումնական հաստատություններին հատկացվող անվճար եւ վճարովի ընդունելության տեղերի նախագիծը։ Ըստ այդմ՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձեւով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով ընդունելությանը կհատկացվի 3124 տեղ, որից 88-ը՝ օտարերկրյա քաղաքացիների համար: 2023-2024 ուստարում բակալավրի ու անընդհատ եւ ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերն ավելացվել են 203-ով:
Նախորդ տարվա պես այս տարի եւս նախատեսվել է 2023-2024 ուստարում 100 տեղով ավելացնել բակալավրի կրթական ծրագրով ընդունելության համար նախատեսվող անվճար տեղերի թիվը: Ավելացված տեղերը հատկացվել են բնագիտամաթեմատիկական, ճարտարագիտական եւ տեխնոլոգիական (STEM) ոլորտի մասնագիտություններին՝ հաշվի առնելով ոլորտի կարեւորությունը տնտեսության զարգացման համար: 2023-2024 ուսումնական տարվա բուհերի անվճար ուսուցման ընդունելության համար նախատեսված 2146 տեղերից 1174-ը (ընդհանուր տեղերի թվի 55%-ը) նախատեսվում է հատկացնել բնագիտամաթեմատիկական (STEM) ոլորտին: Այս տարի եւս առանձին ընդունելության տեղեր կհատկացվեն ‹‹Արարատյան բակալավրիատ›› ծրագիրն իրականացնող ուսումնական հաստատությունների շրջանավարտների համար (7 տեղ):
Հաշվի առնելով նաեւ 2022-2023 ընդունելության մրցույթի արդյունքները, հատկապես թափուր մնացած տեղերի վերլուծությունը՝ նախատեսվում է 2022-2023 ուստարվա համար հատկացված 22 հազար 300 տեղերը պակասեցնել 6000-ով եւ այս տարի հատկացնել 16 հազար 300 վճարովի տեղ: ՀՀ բուհերի 2023-2024 ուսումնական տարվա՝ անվճար եւ վճարովի, առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ եւ ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության նախագծի հանրային քննարկումը կշարունակվի մինչեւ փետրվարի 15-ը։