Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, փետրվարի 1-ին հեռավար մասնակցելով Թբիլիսիի քաղաքային դատարանում իր գործով հերթական դատական նիստին, ուկրաիներենով հայտարարել է, որ ցանկանում է մահվանից հետո թաղվել Ուկրաինայում։ «Ես հպարտ եմ, որ բոլորը հիանում են ուկրաինացի ժողովրդով, հպարտ եմ, որ նախագահը Զելենսկին է: Ես բացարձակապես համոզված եմ մեր հաղթանակում: Բայց եթե ես չապրեմ մինչեւ հաղթանակը, որը շատ մոտ է, իմ սիրտը պետք է թաղվի Կիեւում: Այն պատկանում է Ուկրաինային: Փառք Ուկրաինային, մահ մեր թշնամուն»,- ասել է երրորդ նախագահը Թբիլիսիի «Վիվամեդ» կլինիկայից: Ելույթից հետո Վրաստանի նախկին ղեկավարը բարձրացրել է UKRAINIAN մակագրությամբ մարզաշապիկը եւ, որովայնը մասամբ մերկացնելով, ցույց տվել հյուծված, վտիտ մարմինը: Սաակաշվիլին հայտարարել է, թե իրեն տանջում են ու թունավորում:
Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ անցյալ տարի «Էմպատիա» ոչ կառավարական կազմակերպության փորձագետները Սաակաշվիլիի օրգանիզմում հայտնաբերել էին ծանր մետաղներ, այդ թվում՝ սնդիկի հետքեր։ Նրանց տվյալներով՝ քաղաքական գործիչն ունի 10 ախտորոշում, որոնք անհամատեղելի են բանտարկության հետ։ Վրաստանի արդարադատության նախարարության Հատուկ քրեակատարողական ծառայությունը հայտնել է, որ Սաակաշվիլիից վերցված անալիզները ցույց են տվել թունավոր նյութերի բացակայություն։
Վրաստանի իշխանությունների դիրքորոշումն այն է, որ նախկին նախագահը ձեւացնում է, թե հիվանդ է։ Անցյալ տարվա դեկտեմբերից Թբիլիսիի քաղաքային դատարանը քննում է Սաակաշվիլիի առողջության վիճակի պատճառով նրան ազատ արձակելու՝ պաշտպանական կողմի միջնորդությունը: Թբիլիսիի քաղաքային դատարանը փետրվարի 1-ին անցկացնում է հերթական նիստը առողջության վիճակի պատճառով Սաակաշվիլիին ժամանակավոր կամ լրիվ ազատ արձակելու՝ նրա փաստաբանների միջնորդության առնչությամբ։ Սաակաշվիլիի փաստաբանները դիմել են դատարան՝ երրորդ նախագահի նկատմամբ պատիժը հետաձգելու կամ չեղարկելու համար։ Նիստին մասնակցել են Սաակաշվիլիի ընտանիքի անդամները, հարազատներն ու կողմնակիցները։