Ըստ բրիտանական հետախուզության՝ ռուս-ուկրաինական պատերազմի հետեւանքով Ռուսաստանը կորցրել է զենք արտահանողի իր միջազգային դիրքերը։
«Դեռեւս Ռուսաստանի ներխուժումից առաջ զենքի միջազգային շուկայում Ռուսաստանի մասնաբաժինը կրճատվել էր։ Այժմ, բախվելով հակասական պահանջների, Ռուսաստանն ամենայն հավանականությամբ առաջնահերթ կհամարի նորագույն սպառազինություններով ապահովել իր ուժերին Ուկրաինայում, քան թե դրանք արտահանել»,- նշված է բրիտանական հետախուզության հրապարակած տեղեկագրում։
Լոնդոնում նաեւ կարծում են, որ զինատեսակների բաղկացուցիչների պակասուրդը նույնպես կազդի ռուսական այնպիսի սպառազինությունների արտադրման ու արտահանման վրա, ինչպիսիք են զրահատեխնիկան, հարձակողական ուղղաթիռները, հակաօդային պաշտպանության համակարգերը։
Բրիտանական հետախուզությունում նաեւ կանխատեսում են, որ Ռուսաստանը դժվարություններ կունենա կնքած ռազմական պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարման հարցում, ինչպես, օրինակ, ձեռք բերված սպառազինությունների տեխնիկական սպասարկումն է։ Այս իրավիճակը կշարունակվի առաջիկա 3-5 տարիներին։