Ըստ Group-IB-ի հետազոտության՝ Ռուսաստանում 2022 թվականին հինգ անգամ ավելացել են «եզակի տվյալների» արտահոսքն ու համացանցում դրանց հանրայնացումը։ Անցյալ տարվա ընթացքում ռուսական ընկերությունից գողացվել եւ համացանցում հանրայնացվել է 311 միավոր եզակի համարվող տվյալների բազա։ 2021 թվականին եղել է 61 միավոր։
2022 թվականին գողացված տվյալներից 241 միավորը հրապարակվել է տարբեր փակ ֆորումներում, 70 միավորը՝ «Տելեգրամ» հավելվածում։ Ամենաշատը տվյալների գողություն արվել եւ հանրայնացվել է 2022 թվականի ամառվա ընթացքում՝ 140 միավոր։
Ամենից շատ գողացվել եւ հանրայնացվել են անձանց հեռախոսահամարների, հասցեների եւ ծննդյան թվականների մասին տվյալների բազաներ։ Group-IB-ում նշում են, որ եթե 2021 թվականին գողացված եւ հանրայնացված տվյալների բազաներն ընդհանուր առմամբ եղել են 33 միլիոն տող, ապա 2022-ի դեպքում այդ ծավալը հասել է 1,4 միլիարդ տողի։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Ռուսաստանում ոչ մի ոլորտ պաշտպանված չէ տվյալների արտահոսքից։ Խնդիրն առնչվել է բոլոր ոլորտներին՝ ֆինանսական եւ ապահովագրական կազմակերպություններին, բարձր տեխնոլոգիական ընկերություններին, մատակարարման ծառայություններ կատարող ընկերություններին, առցանց խանութներին, առցանց կինոթատրոններին, բջջային կապի օպերատորներին եւ առողջապահական հաստատությունների։