Ըստ Meduza-ի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուս-ուկրաինական պատերազմի առաջին տարելիցի կապակցությամբ հանդես կգա ելույթով։
Պարբերականը նշել է, թե ինչ հիմնական թեզիսների շուրջ կառուցված կլինի ՌԴ նախագահի ելույթը։ Ըստ այդմ՝ նա ամենայն հավանականությամբ կխոսի ռուսաստանցիների «համախմբվածության», պատերազմին «անվերապահ աջակցության» մասին, կանդրադառնա իր համար արդեն «ավանդական» դարձած «բազմաբեւեռ աշխարհի» եւ Ռուսաստանի վարած «հակագաղութային քաղաքականության» մասին թեզիսներին։ Բացի այդ, ըստ Meduza-ի, Պուտինը կխոսի «արտասահմանյան ապրանքատեսակների՝ տեղական արտադրության ապրանքներով փոխարինման հաջողված օրինակների» եւ հակառուսական պատժամիջոցների դեմ «հաջողված պայքարի օրինակների» մասին։
Ենթադրվում է, որ Կրեմլի ղեկավարը մանրամասն կանդրադառնա «ռուսաստանցիներին պետության կողմից ցուցաբերվող սոցիալական աջակցության միջոցառումներին», կընդգծի, որ «չնայած պատերազմին՝ հասարակ քաղաքացիներն անհանգստանալու կարիք չունեն, քանի որ ժամանակակից սպառազինությունները կպաշտպանեն նրանց»։ Ուղերձը կարող է որոշակիորեն սրբագրվել՝ կախված իրավիճակից։
Վերլուծաբանները նշում են, որ Սոլեդարի գրավումը ռուսական ռազմաքաղաքական ղեկավար շրջանակներում համարվում են ռազմաճակատում տիրող «կայունության նշան», իսկ Կրեմլում այս պահը բարեպատեհ են համարում երկրի ղեկավարի ելույթի համար։ Եթե մինչ Պուտինի ելույթը Ուկրաինան հակահարձակման անցնի, ապա սպասվող ելույթում կլինեն փոփոխություններ, եւ կախված ուկրաինական զինուժի հաջողությունից՝ նրա ելույթը «կագրեսիվանա»։ «Ամեն բան կախված է տվյալ պահին տիրող իրավիճակից»,- ընդգծում են Meduza-ի մասնագետները։