Երեսունմեկ տարի առաջ՝ 1990 թվականի համարյա այս նույն գարուն-ամառ ժամանակաշրջանում ձեր խոնարհ ծառան առաջադրվեց ՀԽՍՀ Գերագույն խորհրդի դեպուտատության թեկնածու՝ Մեղրու շրջանի թիվ 228 ընտրական օկրուգում (էդպես էր էն ժամանակ կոչվում) եւ պայքարի մեջ մտավ 3 այլ թեկնածուների հետ։
Ընտրություններն անց էին կացվում Խորհրդային Հայաստանի (ըստ էության՝ Խորհրդային Միության) ընտրական օրենսդրությամբ։ Ընդ որում՝ ազատ ընտրությունների ավանդույթների իսպառ բացակայության պայմաններում։ Մենք՝ 4 թեկնածուներս, նախընտրական հանդիպումների էինք գնում միասին, ներկայացնում էինք մեր պատկերացումներն ու ծրագրերը, եւ ընտրողն անմիջապես համեմատելու հնարավորություն ուներ։
Այն ժամանակվա օրենքով` եթե առաջին փուլում ոչ մեկը 50 տոկոսից ավելի ձայն չէր ստանում, լինում էր երկրորդ փուլ՝ երկու առավել ձայն ստացածների մասնակցությամբ։ Ես անցա երկրորդ փուլ, որտեղ ձայների բացարձակ մեծամասնությամբ հաղթեց Մեղրու շրջգործկոմի այն ժամանակվա նախագահ, հետագայում Հայաստանի ժողովրդական կուսակցության քարտուղար Գրիգոր Հարությունյանը։
Նորից հիշեցնեմ, որ ընտրություններն անց էին կացվում խորհրդային օրենքներով։ Սակայն ոչ ես, ոչ առաջին փուլում պարտվածները կասկած չունեցան, որ ընտրություններն արդար են եղել։ Դե, մանր-մունր խախտումներ կային, բայց ընդհանուր մթնոլորտը ե՛ւ ընտրությունների ժամանակ, ե՛ւ դրանից հետո դրական էր։
Համարյա նույն կերպ էր Հայաստանի ողջ տարածքում։ Այդ ընտրություններով ձեւավորվեց մի խորհրդարան (Գերագույն խորհուրդ), որը նորանկախ Հայաստանի պատմության մեջ երեւի ամենաինտելեկտուալն է եղել եւ ամենից շատ գործն է արել պետական ինստիտուտների ձեւավորման եւ կայացման գործում։
Ինչո՞ւ սկսեցի սրանից։ Որովհետեւ 2018 թվականի դեկտեմբերին կայացած ընտրությունների արդյունքներին էլ ոչ մեկը չի կասկածել, թեպետ այն անցել է այդպես էլ չբարեփոխված Ընտրական օրենսգրքով։ Սակայն ի տարբերություն 1990 թվականի, այս անգամ ձեւավորվել է երեւի նորանկախ Հայաստանի պատմության ամենից (ի՞նչ բառ օգտագործեմ, որ շատ կոպիտ չհնչի) հեղհեղուկ խորհրդարանը, որտեղ իշխող մեծամասնության պատգամավորները ընտրացուցակ էին մտել ոչ թե իրենց ինտելեկտուալ մակարդակի կամ օրինաստեղծ կարողությունների, այլ միայն ու միայն «հանճարեղ առաջնորդին եւ կուսակցության գործին» (թեպետ ոչ մեկը չգիտեր, թե որն է այդ «գործը») անմնացորդ նվիրվածության համար։
Եվ վայելում են այդ նվիրվածության պտուղները՝ բարձր աշխատավարձի, պարգեւավճարների, արտոնությունների տեսքով, իսկ նրանցից պահանջվում է միայն անհրաժեշտ կոճակը չշփոթել ոչ անհրաժեշտի հետ եւ ճիշտ ժամանակին սեղմել, երբեմն-երբեմն էլ՝ ուղեղի գերագույն լարումով ի պաշտպանություն «առաջնորդի եւ նրա իմաստուն քաղաքականության» բառեր արտաբերել՝ հնարավորինս զգույշ, որ հանկարծ «կիքսեր» չլինեն ու չբորբոքեն «առաջնորդի» զայրույթը։
Ուզում ենք ասել, որ Ընտրական օրենսգրքի լավ կամ վատ լինելը դեռեւս արդար ընտրություններ կազմակերպելու նախապայման չէ (բերված երկու օրինակում էլ օրենսդրությունն անկատար էր)։ Այնպես որ, իզուր են իշխանությունն ու նրան սատարողները Ընտրական օրենսգրքի փոփոխությունները խոթում մեր աչքը։ Որովհետեւ, թեպետ իշխող կուսակցության եւ խմբակցության անդամները կուրծք եմ ծեծում, թե իրենք կազմակերպելու են ամենաարդար ընտրությունները, արդեն հիմա իրենց քայլերով ցույց են տալիս, որ ամեն ինչ անելու են ձեռքին եղած վարչական ռեսուրսներն օգտագործելու համար։
Եվ երկրորդ՝ անգամ ազատ եւ արդար ընտրությունները նորմալ իշխանություն ձեւավորելու պայման եւ երկրի առջեւ ծառացած հսկայական խնդիրների լուծման համադարման չեն։ Վկան՝ գործող խորհրդարանն է իր «ադաբրյամս» մեծամասնությամբ։ Վկան նաեւ այն գործընթացներն են, որ կատարվում են հիմա Հայաստանում։
Այսինքն՝ շատ հնարավոր է, որ իսկապես ընտրությունները գնահատվեն ազատ եւ արդար, բայց դա դեռ չի նշանակում, թե մենք կստանանք նորմալ խորհրդարան, եւ կձեւավորվի նորմալ կառավարություն։
Այն բեւեռները, որոնք արդեն իսկ նշմարվում են (թեպետ դեռեւս ընտրական գործընթացների պաշտոնական մեկնարկը չի տրվել) եւ որոնք հավանաբար կլինեն ընտրարշավի հիմնական դերակատարները, ինձ եւ ինձ նման մտածող շատերին նորմալ իշխանություն ունենալու հույս չեն ներշնչում։
Միով բանիվ, լավ օրենսգիրքն ու արդար ընտրություններն անհրաժեշտ, բայց բավարար պայման չեն։ Դրանցից զատ անհրաժեշտ է, որ հերթական անգամ իշխանությունը չընկնի անծրագիր ու գաղափարազուրկ, պետական իշխանությունը սեփական բոստանի հետ շփոթող, սեփական իմիջը («ինձ կասեիք դավաճան») երկրի զարգացումից կարեւորող, «լայվն» ու կյանքը իրարից չտարբերող, կամ էլ՝ ինքն իրեն միակ տղամարդ կարծող, հասարակական կարծիքն արհամարհող, իր պատկերացմամբ «կազմակերպված պետություն» ստեղծող որեւէ մեկի ձեռքը։
Ցավոք, առայժմ այս երկուսի այլընտրանքը չի նշմարվում։
Հ. Գ. Իսկ իշխող խմբակցության պատգամավորներն արդեն իսկ սկսել են ձայն մուրալը։ Ահավասիկ՝ «ԻՔ»-ական պատգամավոր Գեւորգ Պապոյանն ասում է. «…մենք մեր հանդիպումների ժամանակ ներողություն ենք խնդրում ժողովրդից, որ որոշ խոստումներ չենք կարողացել իրականացնել եւ նաեւ նոր ընտրություններին մենք գնալու ենք այդ պատճառով, որպեսզի ստանանք վստահության քվե եւ կարողանանք մեր խոստումները կատարել»։ Հիմա հարց տամ՝ «Տղա ջան, էդ ո՞ր խոստումն եք կատարել այս երկուսուկես տարում, որ հիմա ասում եք, թե «որոշ խոստումներ» չեք կատարել։ Ընտրողը ինչո՞ւ պետք է հավատա հիմա՝ ընտրություններից առաջ առատորեն թափվող ձեր «կոկորդիլոսի արցունքներին»։ Ավելի ազնիվ կլիներ, եթե ասեիք. «մեզ ձայն տվեք, որովհետեւ, ախր, շատ քաղցր բան է էս պատգամավորական մանդատը…»։
Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ։ Նրա կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Հեղինակ է պատմվածքների ու վեպերի հինգ գրքի եւ լրագրողական էթիկայի ուսումնական ձեռնարկի։