Վաշինգտոնում Կապիտոլիումի շենքի առաջ ամերիկահայերը ցույց են անցկացրել՝ իրենց բողոքը հայտնելով Լաչինի միջանցքի արգելափակման դեմ: Ցուցարարները ակցիային են ներկայացել Հայաստանի դրոշով եւ Արցախի շրջափակումը դադարեցնելու, Ադրբեջանին ռազմական աջակցությունը դադարեցնելու եւ այլ կոչեր պարունակող պաստառներով: Բողոքի ցույցին է մասնակցել նաեւ ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը:
«Այսօր Կապիտոլիումի մոտ ցուցարարները բողոք էին հայտնում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական եւ անմարդկային շրջափակմանը: Ես հպարտությամբ կանգնեցի նրանց կողքին՝ կոչ անելով, որ Միացյալ Նահանգները պատասխանատվության ենթարկի Ալիեւին Արցախի ժողովրդի դեմ մարդու իրավունքների խախտումների համար»,-թվիթերյան իր գրառման մեջ նշել է Փալոնը։