Եվրամիության խորհուրդը նախօրեին հաստատել է Ուկրաինային 500 միլիոն եվրոյի ռազմական օգնություն հատկացնելու մասին որոշումը։ Սա թվով 7-րդ ֆինանսական օգնությունն է, որը Եվրամիությունը որպես ռազմական օժանդակություն հատկացնում է Ուկրաինային։ Եվրամիությունը նաեւ 45 միլիոն եվրո կհատկացնի՝ ԵՄ-ում ուկրաինացի զինվորականների պատրաստության համար։
Կայացված որոշումը փաստում է, որ ԵՄ-ն շարունակում է ավելացնել Ուկրաինային տրամադրվող ռազմական օժանդակությունը, որը Կիեւը ծախսելու է հանուն իր պաշտպանունակության բարձրացման, ինքնիշխանության եւ միջազգայնորեն ճանաչված սահմաններում տարածքային անվտանգության պաշտպանության, ինչպես նաեւ քաղաքացիական բնակչությանը ռուսական ռազմական ագրեսիայից պաշտպանելու համար։ Ukrinform-ի փոխանցմամբ՝ 7-րդ ռազմական օգնության հատկացումից հետո ԵՄ-ի՝ Ուկրաինային ռուս-ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր հատկացված ֆրնանսական աջակցության ընդհանուր ծավալը կազմել է 3,6 միլիարդ եվրո։
Հատկանշական է, որ այս ֆինանսական հատկացման ֆորմալ որոշումը ԵՄ խորհուրդը կատարել է ԵՄ-Ուկրաինա՝ Կիեւում այսօր մեկնարկող գագաթնաժողովի նախաշեմին։