Կանադայի խորհրդարանում ստորագրահավաք է սկսվել, որով կանադական կառավարությունից պահանջվում է Ռուսաստանը ճանաչել ահաբեկչության հովանավոր պետություն։
Ստորագրահավաքի տեքստում նշվում է, որ Ռուսաստանը չարդարացված պատերազմ է սկսել ուկրաինացի ժողովրդի դեմ, բազմաթիվ ռազմական հանցագործություններ է իրականացրել ընդդեմ ուկրաինացիների, ինչպես նաեւ ասվում է, որ ռուսական զորքերը բազմաթիվ անգամներ չտարբերակված դաժան ռմբակոծությունների են ենթարկել ուկրաինական քաղաքական նշանակության օբյեկտներն ու ենթակառուցվածքները, այդ թվում՝ մանկապարտեզները, հիվանդանոցներն ու բազմաբնակարանային շենքերը, եւ այս ամենը հաշվի առնելով՝ հարկավոր է Ռուսաստանը ճանաչել ահաբեկչությունը հովանավորող պետություն։
Ստորագրահավաքի տեքստում նաեւ ասվում է, որ Ռուսաստանը կանխամտածված ոչնչացնում է Ուկրաինայի էներգետիկ համակարգը, որպեսզի ձմեռվա սեզոնին ստեղծի հումանիտար ճգնաժամ եւ առաջացնի էներգամատակարարման խափանումներ։
Ստորագրահավաքի հեղինակները նաեւ հիշեցնում են, որ Կանադայի խորհրդարանի ստորին պալատը դեռ անցյալ տարի Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները միաձայն քվեարկությամբ համարել է ցեղասպանություն։ Համաձայն կանադական օրենսդրության՝ ստորագրահավաքը նիստերի դահլիճ տանելուց 45 օրվա ընթացքում կառավարությունը պետք է վերջինիս գրավոր պատասխանի։