Քսանհինգ տարի առաջ այս օրը հրաժարական տվեց Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Որքան հիշում եմ, այդ երեկո ցնծություն չկար, ափսոսանք էլ չկար։ Զղջում եւ ապաշխարանք չէր լինելու տարիներ հետո էլ, անգամ 44-օրյա կործանարար պատերազմի դառն արդյունքը ճաշակելիս։
Եթե վերանանք տեսանելի պատճառներից, նախորդող դիմակայության եւ հրաժարականի գլխավոր շարժառիթը մեկն էր՝ Տեր-Պետրոսյանն ուզում էր Հայաստան-Արցախի տեղը ցույց տալ։ Տեղ, որն անընդունելի էր «հարատեւ կռիվ» եւ «համաշխարհային ազգ» ախտերով տառապող քաղաքական, քաղաքագիտական, մտավորական մեր վերնախավի եւ «աշխարհը մեզ պարտք է» երեւակայության տեր հանրության համար։
Այսինքն՝ մեր քաղաքական, քաղաքագիտական, մտավորական, հասարակական եւ հասարակ հանրությունը համաձայն չէր, որ երբեմնի Մեծ Հայքի Արեւելյան Հայաստան եւ Արցախ հողակտորները գտնեին իրենց տեղն աշխարհի քարտեզի վրա՝ որպես երաշխիք ունենալով ԵԱՀԿ-ի եւ ՄԱԿ-ի հեղինակավոր հաստատումներ։
Մեկն ասում էր՝ Տեր-Պետրոսյանը զրոյացնում է մեր ձեռքբերումները, մյուսն ասում էր՝ կասեցնում է հետագա առաջխաղացումը, երրորդը գտնում էր, որ մենք ոչ թե զիջող (փոխզիջող) ենք, այլ պահանջատեր եւ այսպես շարունակ։
Հիմա, երբ ձեռքբերումը կորուստ է, իսկ հաղթանակը՝ պարտություն, նիկոլական ժողովրդավարության նիրվանայում ընդարմացողները Լավրովին հայերեն մեսիջներ են գրում՝ «բայց չէ՞ որ» մեկնարկահարցով, ու պատիվ պահանջում ասված «անզգույշ» խոսքերի համար։
Ու չեն հասկանում, չէ՛, չեն հասկանում, որ Լավրովը մեզ հետ չի խոսում, որ Լավրովը մեզ հետ խոսելու բան չունի, որ Լավրովն ամենաշատը կարող է լսեցնել, թե ինչ է ասում ռազմավարական գործընկեր Ադրբեջանին, որովհետեւ «ընտրյալը» նվազեցրել է ամեն ինչ ու թողել միայն 0 լինելու հաճույքը։
Իմ կրոնն ու դավանանքը խոսքն է։ Ուժին, սպառազինությանը, քաղաքական խարդավանքներին ու նման բաներին չեմ հավատում։ Պետք է խոսենք, համոզենք իրար, եթե անգամ դա անհնար է թվում։