Ռուս-ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր Ուկրաինայում զոհվել է 459 երեխա։ Վիրավորվել է 919 երեխա։ «Ավելի քան 1378 երեխա է տուժել Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիայի հետեւանքով»,- ասված է Ուկրաինայի գլխավոր դատախազի տելեգրամյան ալիքում հրապարակված գրառման մեջ։
Ընդ որում՝ զոհված երեխաների թիվը փետրվարի 3-ի դրությամբ չի փոփոխվել՝ 459, մինչդեռ վնասվածք ստացած երեխաների թիվը աճել է՝ հասնելով 919-ի։ Ուկրաինայի գլխավոր դատախազի գրառման մեջ նշվում է նաեւ, որ բերված թվերը վերջնական չեն։ Փորձ է արվում հստակեցնելու պատկերը այն շրջաններում, որոնք այժմ դարձել են ռազմական գործողությունների թատերաբեմ, ժամանակավոր գրավված են ռուսական ուժերի կողմից կամ էլ նոր են ազատագրվել։
Հայտնի է նաեւ, որ ռուսական զինուժի ռմբակոծությունների պատճառով վնասվել է 3126 ուսումնական հաստատություն։ Դրանցից 337-ն ամբողջապես ավերված է։ Միաժամանակ 2022 թվականի փետրվարի 24-ից սկսած ուկրաինական ոստիկանությունը ստացել է 9631 ահազանգ, որով խնդրվել է 9764 երեխայի համարել անհետ կորած։