Ինչո՞ւ քաղաքական գործիչների, մասնավորապես իշխանության կամ ընդդիմության սիրտը չի կանգնում այսօրվա վիճակից: Ինչո՞ւ են մեռնողները միշտ սովորական ժողովրդից: Սթրեսները նրանն են, հիվանդությունները նրանն են, նրա շաքարն է բարձրանում, նա է տառապում քաղցկեղից, հիվանդանալու ժամանակ փող հավաքողը եւ տվողը նա է:
Իշխանությունը եւ ընդդիմությունը գերազանց գիտեն բոլոր բուժիչ դեղերի անունները, բոլոր հիվանդանոցների տեղերը: Իշխանությունը գիտի խաղալ արցունքներ ու անցնել իր ճոխ ընթրիքին, ընդդիմությունը գիտի թքել փրփուրներ ու զբաղվել երեխային դրսում մի տեղ ուսման ուղարկելով, եւ միայն ժողովուրդն է, որ մնում է ողբի մեջ, որի հեղինակը իշխանությունն է կամ ընդդիմությունը, որը եղել է իշխանության մեջ:
Ինչո՞ւ է այսպես: Պատճառն այն է, որ ե՛ւ իշխանությունը, ե՛ւ ընդդիմությունը պայքարում են իշխանության համար: Նրանց ձեռքբերումը Հայաստանը չէ, իշխանությունն է, նրանց կորցրածը Հայաստանը չէ, իշխանությունն է:
Իշխանությունը կորցնում է միայն իշխանություն, այսինքն՝ ծառայողական մեքենաներ, քծնանք, բազում հարմարավետություններ, արտասահմանյան ուղեւորություններ, մեկին լավություն կամ վատություն անելու հաճույք:
Ընդդիմությունը ձախողում է միայն իշխանության հասնելը, որն արդեն գիտենք, թե ինչ հաճույքներ է ենթադրում: Երկուսի տեսադաշտում էլ Հայաստանը միջոց է անձնական բարեկեցության բոլոր հարցերը լուծելու համար:
Միակ խնդիրը, որի դեմ ո՛չ իշխանություն ունեցողը կարող է կռիվ տալ, ո՛չ էլ ընդդիմության մեջ գտնվողը, կորոնավիրուսն էր, նա էլ կորցրեց իր թափն ու խորամանկությունը: Հիմա նրան դեմքով գիտեն, նրանից նույնիսկ հազար հիվանդություն ունեցողն այսօր չի վախենում: Իսկ ժողովուրդը մեռնում է ամեն օր, մեռնում է առանց մահվան դեմ կարգին կռիվ տալու:
Հիմա իշխանությունը որոշել է ապահովագրել շարքային մարդու առողջությունը: Հանճարեղ գաղափար է: Մնում է նա ցույց տա այն փողի տեղը, որով կարելի է ապահովագրել առողջությունը ու սովից չմեռնել: Ամեն ամիս սովորական մարդը նվազագույնը պետք է 15-20 հազար դրամ տա առողջությունն ապահովագրելու համար: Կարծում եք՝ սա լա՞վ է:
Խաղադրույքը ինչի՞ վրա է արված՝ որ քաղաքացիների եկամուտները հաստատուն աճո՞ւմ են: Ուղիղ հակառակը՝ հաստատուն պակասում են: Աճում է միայն իշխանության եկամուտը. Արարատ Միրզոյանն իրեն կարող է թույլ տալ 345 միլիոն դրամի վարկ վերցնել:
Քաղաքացու «առողջությունը» դառնում է այն «նավթը», որով իշխանությունը բյուջե է լցնում:
Բնականաբար հարց է ծագում՝ իսկ ավելի լա՞վ է, որ քաղաքացու առողջությունը չի ապահովագրվում: Վատ է, շատ վատ է, աղետ է, այսպես թե այնպես քաղաքացին փող պիտի տա, տունը պիտի ծախի ու փողը տա: Շնորհիվ ապահովագրության տունը չի ծախի: Կամ եթե տունը պիտի ծախի, ավելի լավ չէ՞ տարեկան մի 200 հազար դրամ ճարի առողջությունն ապահովագրելու համար:
Ա՛յ էստեղ հասկանում ենք, թե որն է խնդիրը՝ կատարել ընտրություն անհայտ տեղից ֆինանս ճարելու եւ հայտնի տեղում առկա ֆինանսը ծախսելու միջեւ: Որովհետեւ, միեւնույնն է, առողջությունն ապահովագրելու համար քաղաքացու վրա երկնքից փող չի թափվելու: Բանակի համար հազար դրամները երկնքից չեն թափվում, գործատուն է վճարում, որին պարտադրում են իրեն հայրենասեր զգալ: Ա՛յ էսպես են հարցեր լուծում:
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: