ԻՄՐԵ ԿԵՐՏԵՍ՝ ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ՈՉ ԻՐ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ
I
Երեք հայի ու յոթ հունգարացու վտանգավոր հանդիպումը
Մի անգամ է կյանքումս պատահել, որ հունգարացիները սիրալիր չեն եղել հետս։ Այն էլ՝ հունգարերեն խոսելուցս հետո։ Հունգարերենը հաճախ կոչում են «Եվրոպայի չինարեն», և հունգարները միայնակ են իրենց լեզվով աշխարհամասի կենտրոնում։ Նույնիսկ հյուսիսում ապրող ֆինները, որոնց հետ մեկ՝ ուգրո-ֆիննական լեզվաընտանիքի անդամ են, ընդամենը 30 ընդհանուր բառով են այսօր նրանց հասկանում։ Արտասահմանցին նույնիսկ ցուցանակները չի կարող փողոցում ճիշտ կարդալ ու արտասանել, որովհետև այբուբենը լատինատառ է, բայց հնչողությունը՝ տարբեր։ «Ս» հնչյունը գրվում է sz, s-ն հնչում է «շ», «ժ» տառը գրվում է zs, j-ն հնչում է «յ» և այլն։ Այդ իրավիճակում, ինչպես որ մեր սրտերն են թուլանում, երբ հանդիպում ենք հայախոս օտարերկրացու, իմ հունգարերենն էլ միշտ ջերմ հարաբերության հիմք է դարձել Բուդապեշտում։
Բայց 2003-ի ամռանը հակառակը տեղի ունեցավ, ու պատճառը գրականությունն էր, ավելի ստույգ՝ նախորդ տարի Իմրե Կերտեսի ստացած Նոբելյան մրցանակը։
Հայ ընկերներս քանդակագործական ցուցահանդեսի էին հրավիրել, դուրս եկել, երեքով նստել էինք մոտակա սրճարանում։ Հարևան սեղանին մի խումբ հունգարացի քանդակագործներ էին։ Մի քանի օր առաջ ես հայկական փոքրիկ համայնքի եռանդուն անդամ Ալեքս Ավանեսյանից նվեր էի ստացել Կերտեսի «Անբախտություն» վեպն ու մի շնչով կարդացել. գիրքը սեղանին էր, ցելոֆանե թափանցիկ տոպրակով։
Հունգարացիները ճանաչում էին ընկերներիցս մեկին, կատակներ փոխանակեցին, ինձ հետ էլ ծանոթացան ու անմիջապես հարցրին՝ կարդացե՞լ եմ Կերտեսին։ Ասի, որ նույնիսկ մտադիր եմ թարգմանել «Անբախտությունը»։
Ինչ-որ կոպտություն հայտնվեց հունգարացիների կատակներում։ Մտածեցի՝ ինձ է թվում, բայց երբ վեր էինք կենում, նրանցից մեկը, ուղիղ աչքերիս մեջ նայելով, ձայն տվեց.
— Հանդիպում են մի անգամ երեք հիմար հայ…
Ամբողջ սրճարանը լռեց։ Ես շփոթվեցի, ինչպես լինում է, երբ դատարկ տեղը քեզ կոպտում են։ Մի պահ մոռացա իմացածս հունգարերենը, բայց… սրճարանը սպասում էր։ Ստիպեցի ինձ ուշքի գալ, ցուցադրաբար հաշվեցի հունգար քանդակագործներին, հետո շարունակեցի նախադասությունը.
— Յոթ հունգարացի եզի…
Քանդակագործները վեր թռան տեղներից։ Շատ էին ու թիկնեղ։ Եկան դեպի ինձ։ Բայց սրճարանը հռհռաց, ու քանդակագործները սառեցին-մնացին տեղները… Հետո իրենք էլ սկսեցին քրքջալ։ Մի երկուսը նույնիսկ մոտեցան, որ գրկախառնվեն, բայց ես ափով տարածություն պահեցի.
— Չէ, դա էլ պետք չի։
Ավելի ուշ հասկացա, որ հունգարացիների ագրեսիան անձամբ իմ կամ հայերի դեմ չէր, այլ Կերտեսի Նոբելյան մրցանակի հարուցած սկանդալի բազմաթիվ հետցնցումներից մեկն էր։
2002-ի հոկտեմբերի կեսերից՝ մրցանակների ազդարարումից մինչև պաշտոնական շնորհումը, հազարավոր բողոքի նամակներ էին ուղարկվել Ստոկհոլմ… Հունգարիայից։ Թե նա արժանի չէ։ Նոբելյան հանձնաժողովը հաշվի չառավ դրանք։
Ինչի՞ մասին է Կերտեսի գլխավոր գիրքը
«Անբախտություն» վեպը առաջին դեմքից պատմում է բուդապեշտցի մի տղայի՝ Դյուրի (Դյորդյ) Կյովեշի մասին։ 1944 թվականն է։ Հունգարական հրեաների իրավունքների տեղական սահմանափակումներին հաջորդում է արտաքսումը մահվան ճամբարներ։ Նախ Դյուրիի հորն են ուղարկում աշխատանքային ճամբար, որտեղից նա չի վերադառնալու։ Ապա և ինքը՝ 15-ամյա տղան է հայտնվում Օսվենցիմում: Նա տարիքով ավելի մեծ է ներկայանում, ինչի շնորհիվ որպես երեխա անմիջապես ոչնչացվելու փոխարեն ուղարկվում է Բուխենվալդ՝ աշխատանքի։ Հյուծումից ու հիվանդություններից հերթով մահանում են ճամբարակից ընկերները՝ երկչոտներն ու քաջերը, գեղեցիկներն ու տգեղները, մտավորականներն ու արհեստավորները։ Ի վերջո Դյուրին ևս հիվանդանում է, մահվան շեմին է… բայց ֆաշիստական Գերմանիան պարտվում է։ Նա ճամբարից վերադառնում է Բուդապեշտ, որտեղ արդեն ոչինչ չունի՝ ծնողները ողջ չեն, նույնիսկ խորթ մայրն է նորից ամուսնացել:
Ինչի՞ց էին դժգոհ հունգարացիները…
Իհարկե՝ ոչ բոլորը, բայց զգալի մասը։ Բանն այն է, որ մինչև Նոբելյան մրցանակը Կերտեսին քչերը գիտեին Հունգարիայում որպես գրողի։ Նա 46 տարեկանում էր իր առաջին լուրջ գիրքը տպագրել, մի քանի բարեհաճ, բայց համառոտ գրախոսականի արժանացել, բայց մնացել իր սերնդի հեղինակավոր գրողների շարքից դուրս. գրական խմբավորումները վաղուց արդեն ձևավորված էին, դերերը՝ բաշխված։ 1990-ականների վերջին հայտնի դրամատուրգ Դյորդյ Շպիրոն խիստ դրվատական հոդված գրեց նրա մասին, բայց դա Կերտեսին չտեղափոխեց առաջին դաս։ Ես ինքս, որ 1987-ից զբաղվում էի հունգարական գրականությամբ, նրա անունը չէի լսել… կամ շատ հազվադեպ ու չէի մտապահել։
Միգուցե դա էլ խնդիր չառաջացներ, եթե Կերտեսը չլիներ ծագումով հրեա։ Նաև՝ Դյորդյ Շպիրոն։ Նաև՝ վիճակագրությունը։ Բազմաթիվ երկրներ ու ազգեր կան, որոնց ներկայացուցիչները երբևէ Նոբելյան մրցանակ չեն ստացել, մինչդեռ Նոբելյան մրցանակի 900 դափնեկիրների մոտ 20 տոկոսը՝ շուրջ 190 հոգի, հրեաներ են… երբ նրանք աշխարհի բնակչության հազիվ 0,2 տոկոսն են։ Այս շուրջ 190 դափնեկիրներից 16-ն էլ՝ գրականության ոլորտում։ Այսինքն՝ շատ «հունգար-հունգարները» համարեցին, որ հրեական միջազգային լոբբինգն է ազդել, որ Կերտեսը Նոբել ստանա։ Ու վեճերը չեն դադարում արդեն 20 տարի։
Զոլտան Հաֆները Կերտեսի մտերիմ բարեկամն է եղել, նրա գրական ժառանգության լավագույն գիտակներից է։ 2016-ին՝ գրողի մահից անմիջապես հետո, ստեղծվել է Կերտեսի ինստիտուտ, որի տնօրենն է եղել Հաֆները մինչև 2021-ը։ Հաֆներն այժմ ավելի շատ Բուդապեշտից դուրս է բնակվում, բայց իմ խնդրանքով մայրաքաղաք եկավ, որ հանդիպենք-զրուցենք։
Նրանից իմացա մի քանի միջանկյալ սկանդալի մասին ևս։
շարունակելի
My Hungarians: Faces, Places and Traces
#EU4Culture