Երեկ ուշ երեկոյան ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանը հայտնել էր հայ ռազմագերիների հերթական խմբին Երեւան վերադարձնելու մասին:
Գերիների թվի ու անունների մասին տվյալները պաշտոնապես հայտնի չէին: Նշվում էր 15-50 գերի վերադարձնելու մասին: Ոչ պաշտոնական տվյալներով գերիներին Բաքու պիտի վերադարձնեին ռուսական ինքնաթիռով:
Էրեբունի օդանավակայանում ռազմագերիների արագ հավաքված հարազատները լրատվամիջոցների ներկայացուցիչներին հորդորեցին ընդհատել ուղիղ հեռարձակումը՝ պնդելով, որ դա, անձնական կյանք ներխուժելու փորձից բացի, կարող է վնասել կամ խանգարել գերիների վերադարձման գործընթացին:
Մոտ մեկ ժամ անց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնեցին, որ գերիների վերադարձը կրկին հետաձգվում է, քանի որ հակառակորդի կողմից նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը ի կատար չի ածվում, ինչը հետպատերազմական մարդասիրական գործընթացի կոպիտ խախտում է։
«Բանակցությունները ռուսական կողմի միջնորդությամբ շարունակվում են, եւ հույս ունենք, որ ադրբեջանական կողմն ի վերջո կհարգի ստորագրված հայտարարությունն ու կյանքի կկոչի հումանիտար պայմանավորվածությունը՝ այդպիսով նպաստելով տարածաշրջանում կայունության հաստատմանը»,- ասված է մեկնաբանության մեջ։
Հայտնի է, որ Ադրբեջանում պահվող 200-ից ավելի ռազմագերի կա, մինչդեռ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հայաստանյան ներկայացուցչությունից «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել են, որ Բաքուն 72 ռազմագերու մասին տվյալներ է ներկայացրել ՄԻԵԴ: