Ըստ CNN-ի՝ ԱՄՆ-ն Ուկրաինայի կարիքների համար ավելի քան 5 միլիոն դոլար է փոխանցել, որոնք առգրավվել են Ուկրաինայի ինքնիշխանության եւ ամբողջականության խաթարմանն ուղղված գործողությունների համար 2014-ին ամերիկյան պատժամիջոցների տակ հայտնված ռուս գործարար Կոնստանտին Մալոֆեեւից եւ պահվում էին վերջինիս հաշվին Sunflower Bank-ում։
Սա պատժամիջոցների տակ հայտնված ռուսաստանցիների ակտիվների բռնագրավման առաջին դեպքն է ամերիկյան իշխանությունների կողմից եւ առաջին անգամն է, երբ միջոցներն ուղղվում են Ուկրաինային օգնելուն։ Ուկրաինային առգրավված ռուսական ակտիվների առաջին փոխանցման մասին տեղեկությունը հաստատել են ԱՄՆ արդարադատության նախարար Մերիկ Գարլանդը եւ նրա ուկրաինացի գործընկեր Անդրեյ Կոստինին։ Վերջինս նշել է, որ փոխանցված դրամական միջոցները կուղղվեն Ուկրաինայի վերականգնմանը։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով Ռուսաստանի սառեցված ֆինանսները Կիեւին փոխանցելու հնարավորության թեմային, հայտարարել է, որ ԱՄՆ-ը եւ Եվրոպան, մի անգամ յուրացնելով այն, ինչ իրենց չի պատկանում, կկորցնեն սեփականատերերի վստահությունը: