ԻՄՐԵ ԿԵՐՏԵՍ՝ ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ՈՉ ԻՐ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ
IV
«Ապրել նշանակում է հարմարվել» կամ Նոբելյան մրցանակի «բիզնեսը»
Բուդապեշտում կա մի թանգարան, որը կոչվում է «Ահաբեկության տուն» (Terror Háza Múzeum)։ Պետական անվտանգության նախկին շենքում է, որտեղ շատ մանրակրկիտ ներկայացված է քաղաքական մահապատիժների, ճնշումների, ահաբեկումների պատմությունը Առաջին աշխարհամարտի ավարտից մինչեւ 1980-ականներ։ Բաց են նկուղները, որտեղ պահել են ձերբակալվածներին։ Պատժախուցը, օրինակ, մեկ մարդու լայնություն ունի՝ միայն ուղիղ կանգնել է հնարավոր։ Մյուս հարկերը պատմում են, թե ֆաշիստամետ ու սովետամետ վարչակարգերը ինչպես են կոտորել երկրի քաղաքացիներին։ Հարյուր հազարների։ Մի մասին, որովհետեւ հրեա էին, մյուսներին՝ կուլակների դասին պատկանելու կամ ստրկական պայմաններին չհամակերպվելու համար։
Ճնշող է, հաճախ՝ զարհուրելի։ Կան նաեւ սրահներ, որտեղ ներկայացվում է քարոզչական մեդիան, հովվերգական, բայց կեղծ պատկերներով։ Ցավալի է, որ արգելված էր լուսանկարելը հետապնդումներին նվիրված թանգարանում, բացի ներքին բակի տանկից։ Նույնիսկ Վիկտոր Օրբանի՝ երկրի ներկա վարչապետի ելույթը։ Երիտասարդ, նիհար՝ 1989-ի բազմամարդ հանրահավաքին նա բուռն կերպով դատապարտում է սովետական ներխուժումը, գրաքննությունը, կոռուպցիան։ Բայց Օրբանի հավատարիմ թիմակցի՝ Մարիա Շմիդտի թանգարանում տեղ չի գտնվել տեռորի դեմ պայքարած հունգարացիների մի քանի սերնդից ուրիշ ոչ մեկի համար, այդ թվում՝ համակենտրոնացման ճամբարից մազապուրծ Իմրե Կերտեսի, հրաշալի բանաստեղծներ Յանոշ Պիլինսկու, Դյորդյ Պետրիի, որոնցից մեկը 9-ը, մյուսը 20 տարի գրաքննության կողմից արգելված էր «սոցիալիզմի» օրոք։
Այդ թեմայով իր վրդովմունքը հայտնեց երիտասարդ բանաստեղծ եւ հետազոտող Ռենատո Ֆեհերը. «Հունգարիայի առաջին նախագահ Արպադ Գյոնցին դուրս են մղում 1989-1990-ի պատմությունից, Օրբանին դնում տեղը»։
Օրբանը իր վարչապետության առաջին ժամկետում է բացել «Ահաբեկության տունը», բայց այժմ այնտեղ գործում է նրա «օժանդակ ջոկատը»՝ Մարիա Շմիդտի ղեկավարությամբ։
Ես Զոլտան Հաֆներին հարցրի Իմրե Կերտեսի եւ Օրբանի վարչակարգի հարաբերությունների մասին։ 2002-ին հունգարական քաղաքական գործիչներից միայն Օրբանն է մեկէջանոց տեքստով շնորհավորել գրողի մրցանակը՝ մանրամասն անդրադառնալով նրա ստեղծագործությանը, մյուսները չորուցամաք մի քանի տողով են բավարարվել։ Երբ Կերտեսը Գերմանիայում ապրելու ընթացքում Բուդապեշտ է եկել, նրան լավագույն հյուրանոցներում են տեղավորել։ Եվ, ի վերջո, իշխանությունը նրանից խնդրել է իր գրական արխիվը, որ Կերտեսի ինստիտուտ հիմնի։ Գրողը համաձայնեց, բայց չապրեց մինչեւ ինստիտուտի բացումը, երբ Հունգարիայում ասել-խոսելիք դարձավ 2,6 միլիարդ ֆորինտը, որով պետք է վերանորոգվեր ինստիտուտին հատկացված առանձնատունը (10 միլիոն դոլարից ավելի՝ ժամանակի փոխարժեքով)։ Նախատեսվածից տարիներ ավելի երկար տեւած վերանորոգումից վերը արդեն հիշատակածս Մարիա Շմիդտի ղեկավարած հիմնադրամը հետո բացեց ինստիտուտը հանրության համար, բայց այնքան շատ փող է ծախսում այցելուների էքսկուրսիաների եւ քիչ՝ հետազոտությունների ու անտիպ գործերը հրատարակելու համար, որ ինստիտուտի տնօրեն Զոլտան Հաֆները լքեց իր պաշտոնը։ Սա, իհարկե, «Ահաբեկության տան» ժամանակներին բնորոշ պատկեր չէ, բայց հիշեցնում է պուտինյան Ռուսաստանի կոռուպցիոն պատմությունները մշակույթի ոլորտում։
Բախտավորություն
Դյուրիի մարմնին արդեն միս չկա… Նրա համարը մեծերից է, նա արդեն նորեկ չէ Օսվենցիմով անցած միլիոնից ավելի մարդկանց թվում… Մանրուքնե՞ր են։ Բայց այստեղ է Կերտեսի «Անբախտության» ուժը. նա գերի է վերցնում ժամանակակից ընթերցողին՝ նրան պարգեւելով «ներկայության էֆեկտը», որը XXI դարի մեդիան առօրեական դարձրեց XXI դարի մարդու համար (իսկ 1970-ականների ընթերցողը միգուցե դրա կարիքը չէ՞ր զգում)։ Համենայնդեպս, ես փնտրեցի ու չգտա որեւէ ապացույց, որը վեպը հիացրել է էսսեների իմ շարքի մյուս հերոսներին՝ հրեական խնդիրների հանդեպ խիստ զգայուն Յանոշ Պիլինսկուն (1921-1981), որին Կերտեսը ընծայագրել էր գիրքը՝ պաշտում էր նրան։ Դյորդյ Պետրիի (1943-2000) մտերիմները եւս չհիշեցին, որ նա վեպը գովաբանած լինի։
«Անբախտությունը» գլուխգործոց է համարել Պետեր Հայնոցին (1942–1981)՝ զգայուն, կրթված, մարգինալ հարբեցողը,- պատմում է Դյորդյ Շպիրոն։- Նա չափազանց ծույլ էր, որ իր կարծիքը գրի, բայց իմ ուշադրությունն էլ նա է հրավիրել վեպի վրա: Հետագայում փոշմանեց, երբ մի շիշ գինիով հյուր գնաց առանց զանգելու, եւ Կերտեսը դուռը դեմքին շրխկացրեց: Երկուսն էլ լուսանցքում էին, բայց Կերտեսն իր քաղքենիական ձեւով էր շեղված, ոչ այնպես, ինչպես կուզենար Հայնոցին»։
Համակենտրոնացման ճամբար եւ քաղքենիությո՞ւն… Չափազանց բարդ համադրություն է վերլուծության համար, ես փորձեցի հաղթահարել միայն համակենտրոնացման ճամբարի անբախտության թեման։ Իսկ հարբեցողության առումով Հայնոցիի երկվորյակն էր Դյորդյ Պետրին՝ իմ հաջորդ էսսեի հերոսը, որը, սակայն, դարձավ «լուսանցքի» ամենանշանակալի դեմքը՝ իր միանգամայն սթափ վերաբերմունքով դեպի ժամանակի իրողությունները եւ այսօր, առանց որեւէ վերապահության, համարվում է Հունգարիայի լավագույն բանաստեղծներից մեկը։
My Hungarians: Faces, Places and Traces
#EU4Culture