Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ այսօր ժամը 6:00-ից Խծաբերդում գերեվարված պահեստազորայինների հարազատները փակել են Շիրակի մարզի ճանապարհները։
Մարզ մուտքն ու ելքը փակ են բոլոր ուղղություններով՝ Երևան-Գյումրի ճանապարհի Հոռոմի հատվածը, Ջաջուռի և Աշոցքի ճանապարհները: Ակցիայի մասնակիցները պահանջում են հանդիպում վարչապետ Փաշինյանի հետ։
Զինծառայողները գերեվարվել էին Արցախի Խծաբերդից 2020 թվականի դեկտեմբերի 16-ին:
Հարազատները հստակ պատասխան են պահանջում, թե երբ կվերադարձնեն գերիներին։ Նրանք բազմիցս շեշտել են, որ քաղաքական ուժերը չքաղաքականացնեն գերիների հարցը. իրենց միակ պահանջն իրենց զավակների վերադարձն է։
Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ ուշ երեկոյան ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանը հայտարարել էր հայ ռազմագերիների հերթական խմբին Երեւան վերադարձնելու մասին:
Հայտարարությունից քիչ անց գերիների հարազատները «Էրեբունի» օդանավակայանում սպասում էին Բաքվից ժամանող ինքնաթիռին, որն, ինչպես ակնկալվում էր, հայ գերիներին պետք է վերադարձներ հայրենիք։
Մոտ մեկ ժամ անց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնեցին, որ գերիների վերադարձը կրկին հետաձգվում է:
Մինչ օրս Ադրբեջանից Հայաստան է վերադարձվել 69 գերի, այդ թվում՝ Արցախյան վերջին պատերազմից հետո Խծաբերդում գերեվարված 62 պահեստազորայիններից 8-ը։ Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել 15 անձի։