Արցախում ծառայող զինվորների հարազատները իրենց որդիներին զորացրելու պահանջով Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են սկսել:
Ծնողները 7 հոգանոց խումբ են կազմել եւ հանդիպում կունենան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Նրանք մի քանի անգամ արդեն նման ակցիաներ կազմակերպել են. հանդիպել են վարչապետի հետ եւ բարձրացրել իրենց հուզող հարցերը:
Ապրիլի 8-ից սկսած՝ անհայտ կորած զինծառայողների ծնողները նույնպես բողոքի ակցիա են անցկացնում պաշտպանության նախարարության շենքի դիմաց: Նրանք շղթաներով փակել են ՊՆ մուտքերը եւ գերատեսչության աշխատակիցներին թույլ չեն տալիս դուրս գալ շենքի տարածքից՝ իրենց խնդիրներին լուծում պահանջելով:
Նույն օրը երեկոյան, երբ հայ ռազմագերիներին տեղափոխող ինքնաթիռը Բաքվից Երեւան դատարկ էր ժամանել, նրանց ծնողները նույնպես միացան ՊՆ-ի մոտ հավաքված՝ անհայտ կորած զինծառայողների ծնողներին:
Ծնողները պահանջում են հանդիպում պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի եւ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ: Նրանք պայման են դրել. ուժային կառույցների ղեկավարներն անձամբ պետք է մոտենան ցուցարարներին:
ՊՆ է ժամանել ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը: Նա առանձին զրուցել է ծնողների հետ:
Ապրիլի 9-ի վաղ առավոտից շիրակցի գերիների հարազատները փակել են մարզ տանող բոլոր ուղղությունները՝ Երեւան-Գյումրի ճանապարհի Հոռոմի հատվածը, Ջաջուռի եւ Աշոցքի ճանապարհները: Զինծառայողները գերեվարվել էին Արցախի Խծաբերդից 2020 թվականի դեկտեմբերի 16-ին: