Ռուսական «Всенаука» գիտական-լուսավորչական ծրագիրը, որը զբաղվում էր նաեւ գիտահանրամատչելի գրականության հանրայնացմամբ, հայտարարել է իր փակման մասին։
Համաձայն ռուսական մամուլում եղած հրապարակումների` ծրագիրը փակվում է դրա իրագործման պայմանների կտրուկ վատթարացման պատճառով։
Ըստ հրապարակումների` Ռուսաստան-Արեւմուտք առճակատման պայմաններում գիտական եւ գիտահանրամատչելի բազմաթիվ հանդեսների իրավատերեր, հրատարակչություններ հրաժարվել են Ռուսաստանի հետ աշխատելուց։ Դրա պատճառով դեռ անցյալ տարի հանրայնացվող գրքերի մի մասի նկատմամբ ծրագրի իրավունքները չեղյալ են հայտարարվել։
Բացի այդ՝ մի շարք հեղինակներ, որոնց աշխատությունները տարածվում էին «Всенаука» ծրագրի միջոցով, Ռուսաստանում հայտարարվել են «օտարերկրյա գործակալներ», եւ ռուսական հրատարակչություններին պետության կողմից ցուցում է իջեցվել դադարեցնել նրանց հետ համագործակցությունը։
Նշվում է նաեւ, որ առաջացել են նաեւ ֆինանսական խնդիրներ, եւ ներկայում, երբ Ռուսաստանը բավականին ծանր տնտեսական վիճակում է, լուսավորչական գործունեության ֆինանսավորումը քչերին է հետաքրքրում։ Մասնավորապես, ծրագրի հետ ունեցած պայմանագիրը խզել է «Яндекс»-ը։
Ծրագիրը կփակվի փուլային տարբերակով, իսկ կայքում եղած նյութերը հասանելի կլինեն մինչեւ հաջորդ տարվա հունվար։