ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Բեռլինում գերմանացի գործընկերոջ` Աննալենա Բուրբոկի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, որ Երեւանը խաղաղության համաձայնագրի վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել Բաքվին եւ ստացել ադրբեջանական կողմի պատասխանը։
Նա նշել է, որ դեկտեմբերին Մոսկվայում պետք է տեղի ունենար ադրբեջանական կողմի հետ հանդիպում, սակայն չեղարկվել է։ «Բայց, չնայած դրան, մենք մեր առաջարկներն ենք ներկայացրել ադրբեջանական կողմին, եւ ես ստացել եմ ադրբեջանական կողմի պատասխանը։ Կարծում եմ, որ սա համատեղ աշխատանքի շարունակությունն է։ Այժմ Հայաստանն ուսումնասիրում է առաջարկները եւ շարունակում է աշխատել խաղաղության պայմանագրի տեքստի վրա»,- ընդգծել է Միրզոյանը։
Նախարարը նշել է, որ թեեւ Լաչինի միջանցքն արգելափակված է, այնուամենայնիվ, մյուս բոլոր մարտահրավերները դեռեւս կան։ Միրզոյանը շեշտել է, որ բանակցային գործընթացն, ըստ էության, շարունակվում է։ Նա հավելել է, որ, այդուամենայնիվ, բանակցությունները հարթ չեն ընթանում, քանի որ դրան նաեւ խոչընդոտում է հայերի նկատմամբ ատելության քարոզը, ինչպես նաեւ շարունակական ներխուժումները ՀՀ ինքնիշխան տարածք, հայկական տարածքի բռնազավթումն ու ԼՂ-ում հումանիտար ճգնաժամը։
ՀՀ արտգործնախարարը վերստին ընդգծել է, որ Հայաստանը շատ վճռական եւ հաստատակամ է խաղաղության օրակարգին հետամուտ լինելու համար եւ շարունակելու է տարածաշրջանում երկարատեւ խաղաղություն հաստատելուն ուղղված ակտիվ ջանքերը։
Դադարեցնել Լաչինի միջանցքի արգելափակումը․ Գերմանիայի արտգործնախարար
Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոկն անդրադառնալով Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակին, ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղում առկա մարդասիրական բարդ կացությունը հակամարտության տխուր հետեւանքներից մեկն է: «Կարեւոր է, որպեսզի Լաչինի միջանցքի շրջափակումն ավարտվի, եւ կարծում ենք, որ այստեղ Ադրբեջանն ու Ռուսաստանը պետք է կատարեն իրենց պարտականությունները»,- Գերմանիայի ԱԳՆ-ի թվիթերյան գրառման մեջ շեշտել է Աննալենա Բերբոկը: