ՌԴ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն Պյոտր Իլյիչեւը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատով օժտելու անհրաժեշտություն չկա, քանի որ Երեւանն ու Բաքուն չեն առարկում ՌԴ խաղաղապահների գործունեության եղանակներին եւ լիովին աջակցում են դրանք։ Ըստ դիվանագետի՝ Լեռնային Ղարաբաղ անգամ միջազգային մարդասիրական աջակցության հաստատման ուղղությամբ առաջընթացի բացակայության պայմաններում միջազգային խաղաղապահ զորակազմ ուղարկելու գաղափարի գործնական իրագործումը, ինչը կպահանջի նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թույլտվությունը, հազիվ թե իրատեսական է։ Իլյիչեւը շեշտել է, որ տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության վերականգնման խնդիրները արդյունավետորեն լուծում է ռուսական խաղաղապահ զորակազմը։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը կարեւորում է ԼՂ եւ Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելը, եւ համարում է, որ դա Լաչինի միջանցքի շուրջը ստեղծված իրավիճակի լուծման լավագույն ձեւն է։
Ռուս դիվանագետը նշել է, որ միջազգային եւ արտասահմանյան կազմակերպություններից մինչ օրս Ղարաբաղում աշխատում է միայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, իսկ ՄԱԿ-ի մարդասիրական գործակալություններն այդպես էլ ադրբեջանցիների եւ հայերի թույլտվությունը չեն ստացել այնտեղ մուտք գործելու համար նույնիսկ կարիքների գնահատման առաջնային առաքելություն իրագործելու նպատակով: Ըստ Իլյիչեւի`դժվարությունները ծագում են կողմերի հետ հավասարապես հեռու դիրքորոշում պահպանելու անհնարինության քաղաքական պատճառով, ներառյալ տարածաշրջան ժամանելու եւ մեկնելու եղանակները, հաշվետվողականությունը, վերահսկողությունը եւ մարդասիրական գործունեության կառուցման իրավական հիմքը։