ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հանդիպումները կարելի է անցկացնել Թբիլիսիում, քանի որ Վրաստանը աշխարհագրորեն շատ հարմար վայր է դրա համար։ Կլաարը նշել է, որ Թբիլիսին այն վայրն էր, որտեղ տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, եւ կարող է կրկին դառնալ նման վայր ինչպես ղեկավարների հանդիպումների համար, այնպես էլ այլ ձեւաչափով:
«Վրաստանն աշխարհագրորեն շատ հարմար է այս առումով, այստեղ կարելի է արագ եւ հեշտությամբ գալ հարեւան երկրներից»,- շեշտել է Կլաարը։ ԵՄ հատուկ ներկայացուցիչը տրամաբանական է համարել, որ Հարավային Կովկասում գտնվող երեք երկրները փորձեն համագործակցության եզրեր գտնել։ Ըստ նրա՝ կարեւոր է, որ Վրաստանի դերը կամուրջ լինի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Կլաարը նաեւ նշել է, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ քննարկել է Վրաստանի միջնորդական դերը Բաքվի եւ Երեւանի հարաբերություններում։