Մեր պատկերացումները մեր հարեւանների, մեր տարածաշրջանի ու մեր մասին հայտնի են։ Հարյուր տարուց ավելի է կան դրանք ու մեր էությունն են դարձել։ Համաձայն այդ պատկերացումների՝ մեր հարեւանները մեր ոխերիմ թշնամիներն են, նրանց միակ նպատակը մեզ ոչնչացնելն է, որովհետեւ մենք թյուրքական աշխարհը բաժանող սեպ ենք։ Մենք ոսկոր ենք նրանց կոկորդին։ Մեր գոյությամբ մենք խանգարում ենք նրանց։
Այս մտածողությամբ սերունդներ են դաստիարակվել։ Մեր պատմագրությունը, մեր գրականությունը հենց այս պատկերացումներն են մատուցել ու մատուցում։ Եթե մոտենանք փողոցում քայլող ցանկացած հայի՝ անկախ նրա կրթական ցենզից, սոցիալական դրությունից, ծագումից, ու թուրքերի, Թուրքիայի վերաբերյալ հարց տանք, ապա նա հանպատրաստից կհայտարարի, որ թուրքերը մեր ոխերիմ թշնամիներն են, որ մենք թյուրքական աշխարհը բաժանող սեպ ենք, եւ նրանք այլ խնդիր, քան այդ սեպը դեն նետելն ու մեզ ոչնչացնելն է, չունեն։ Այսպես ենք մենք ճանաչում մեզ ու մեր միջավայրը։ Այսպես ենք ներկայանում մեր միջավայրում ու աշխարհում։
Եթե մեր հարեւաններն էլ են, ինչպես մենք, մեզ ընկալում որպես սեպ, որը պարտադիր պետք է հեռացվի, ապա մեր վիճակն ավելի քան վատ է, մենք ապագա չունենք։ Անպայման կձգտեն հեռացնելու մեզ կամ ոչնչացնելու։ Նրանք շատ են, մենք քիչ ենք, նրանք ուժեղ են, մենք՝ ոչ այնքան։ Զրույցները, թե կարող ենք ուժեղանալ ու դիմակայել, ավելին՝ հաղթել, ցանկությունների դաշտից են։ Չունենք անհրաժեշտ միջոցներ ու հնարավորություններ։ Չենք էլ ունեցել։ Այդ պատճառով էլ պարտվել ու պարտվել ենք, նահանջել եւ այս 29 000 քառակուսի կիլոմետրին ենք հասել։
Եթե նոր պատերազմներ ու նոր պարտություններ չենք ցանկանում, եթե այս եղածը կորցնել չենք ցանկանում, եթե մենք այս տարածաշրջանում մնալու ու ապահով ապրելու խնդիր ունենք, ուրեմն, առաջին հերթին, պետք է փոխվենք մե՛նք։
Պետք է ոչ թե որպես սեպ, որպես կենաց ու մահու կռիվ տվող, պատմական արդարություն փնտրող, այլ որպես տարածաշրջանի խաղացող ու հարեւան ներկայանանք։ Հարեւան, որն իր հարեւաններին ընդունում ու ճանաչում է, որը դեմ չէ հարեւանությանը, որը հարեւանին թշնամի չի դիտարկում ու ինքն էլ թշնամանալու խնդիր չի դնում, որը ոչ թե անցյալով, այլ ներկայով ու ապագայով է ապրում։ Պետք է ներկայանանք որպես հարեւան, որը ցանկանում է ապրել խաղաղ ու բարգավաճ տարածաշրջանում։ Որը ցանկանում է իր հարեանների հետ համատեղ կառուցել տարածաշրջանը։
Իհարկե, մենք ունենք պատմություն, որը մեզ խանգարում է։ Մենք ունենք խնդիրներ ու հաշիվներ։ Մենք եղեռն ենք տեսել, մենք հայրենիք ենք կորցրել։ Բայց պատմությունը չպետք է մեզ համար դառնա ծանրոց ու կախվի մեր ոտքերից ու թույլ չտա, որ առաջ շարժվենք։ Հիշելով պատմությունը, ճանաչելով պատմությունը՝ մենք, այնուամենայնիվ, պետք է ոչ թե պատմությամբ, այլ ներկայով ու ապագայով ապրենք։ Պետք է գիտակցենք՝ կա մի սահման, որից այն կողմ նշանակում է լինել անցյալի գերին։
Երկրորդ աշխարհամարտից հետո այդպիսի սահման իրենց համար գծեցին եվրոպական երկրները։ Թե ինչպիսի սահմաններ ու տարածքներ են ունեցել նրանցից յուրաքանչյուրը, ասենք՝ Գերմանիան, Լեհաստանը, Ուկրաինան, Ռումինիան ․․․ մնացել են 1945-ից այն կողմ՝ պատմության դասագրքերում, իսկ կյանքում, պետական փոխհարաբերություններում, ապագան կառուցելիս որպես հիմք են ընդունվում պատերազմից հետո ձեւավորված իրողությունները։
Մենք նույնպես պետք է ընդունենք նոր իրողությունները։ Սա կլիներ/կլինի հաշտ ապրելու, խաղաղ տարածաշրջան ունենալու գրավականը։ Պետք է փոխենք մեր դերը, այլ կերպ պետք է ներկայանանք։ Զոհի կարգավիճակից պետք է ձերբազատվենք։ Թղթե շերեփը պետք է մոռանանք։ Դա ամոթ է, մենք դա չպետք է թափահարենք։
Պետք է փոխվենք մենք ու մեր վարքով ստիպենք, որ աշխարհը, մեր հեռու եւ մոտ հարեւանները մեզ ընկալեն նորովի։ Ոչ թե որպես սեպ, ոչ թե որպես զոհ, ոչ թե որպես անլուծելի խնդիրներ առաջ քաշող, ոչ թե սեփական խնդիրներն այլոց փաթաթող, ոչ թե պատմության ուսումնական քարտեզներով ապրող, այլ որպես երկիր ու ժողովուրդ, որը գալիս է հազարամյակների խորքերից, հազարամյակներ էլ պետք է ապրի, բայց, պարտադիր, խաղաղ ու բարգավաճ՝ առանց պատերազմների ու առանց արյունահեղությունների։
Հազարամյակներ շարունակ, բոլորովին այլ հարեւանների հետ, ապրել ենք այս տարածաշրջանում, իսկ հիմա պետք է այս հարեւանների հետ ապրենք։ Մենք այստեղից չենք հեռանալու։ Չեն հեռանալու նաեւ մեր հարեւանները։ Բայց եթե մենք սեպ ենք, ապա նրանք մեզ հեռացնելու մասին միշտ են մտածելու, ու մեր պատերազմը չի ավարտվելու։ Իսկ եթե սեպ չենք, եթե տարածաշրջանի պետություն ենք, ապա բոլորովին այլ, շատ ավելի խաղաղ ու բարգավաճ ապագա է մեզ սպասում։
Սեպը կարող է փոխարինվել կամրջով։ Մեր երկիրը կարող է դառնալ կամուրջ, որն իր հեռու ու մոտ հարեւաններին կկապի իրար, կդառնա բանուկ ճանապարհ, կդառնա անհարժեշտություն, առանց որի հարեւաննները դժվարություններ կունենան։ Մենք պետք է նոր նշանակություն ձեռք բերենք՝ անկլավից վերածվենք ճանապարհի, թշնամուց վերածվենք հարեւանի։
Մեր լինելիության միակ գրավականը պետությունն է։ Մեր յուրաքանչյուր գործ, մեր յուրաքանչյուր քայլ պետք է ուղղված լինի պետության ամրապնդմանը։ Ոչ թե պատմական արդարության վերականգնումը, ոչ թե ռեւանշը, այլ մեր այս փոքր պետության հզորացումը պետք է լինի մեր առաջնային խնդիրը։ Հենց հանուն պետության հարատեւության է անհրաժեշտ հարեւանների հետ համաձայնության ու հաշտության եզրեր որոնելը։
Կասկածից դուրս է՝ հին ճանապարհն ու մեր հին պատկերացումները մեզ լավ հանգրվան չեն տարել ու չեն տանում։ Կորուստներ են բերել ու պարտություններ։ Պետք է մեր մեջ ուժ գտնենք ու մտածենք մեր ճանապարհը եւ մեր պատկերացումները փոխելու մասին։ Պետք է վերաիմաստավորենք ու վերանայենք մեր արժեքները։ Հին կաղապարներից պետք է ձերբազատվենք, որ լինի ու մնա մեր պետությունը։ Մենք այն վտանգելու, հետեւաբար մեր լինելիությունը հարցականի տակ դնելու իրավունք չունենք։
Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։