Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ ադրբեջանական մամուլը, այլ ելք չունենալով, հերթական կեղծիքն է տարածում՝ պնդելով, թե Երեւանն ու Թեհրանը պատրաստվում են հարձակվելու արդեն 60 օր արգելափակված Լաչինի միջանցքի վրա։ «Ադրբեջանը պետք է ապաարգելափակի Լաչինի միջանցքը, քանի որ այն արգելափակել է էթնիկ զտումների համար։ Ձեր սուտը չի շեղելու միջազգային հանրությանը»,- թվիթերյան իր գրառման մեջ նշել է Մարուքյանը։
Նախօրեին ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, ըստ որի՝ Հայաստանն ու Իրանը Բերձորի (Լաչին) եւ Սանասարի (Կուբաթլու) ուղղությամբ պատրաստվում են հարձակման անցնելու։
«Դա բացարձակ սուտ է եւ չի համապատասխանում իրականությանը»,- ադրբեջանական լրատվամիջոցների ապատեղեկատվությունը հերքելով՝ նշել են ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը եւ ԱԱԾ տնօրենի խորհրդականը։